Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/487

Այս էջը սրբագրված է

վարվել նրա հետ։ Ծնողական սերը՝ և յուր ստանձնած գործի պարտավորությունը՝ սկսեցին սարսափելի կերպով մաքառել միմյանց հետ։ Որի՞ն պետք էր նախապատվություն տալ։ Անհնար էր վճռել։ Նա սաստիկ ստրջացած էր, որ առիթ տվեց որդուն այս աստիճան բացվել յուր հետ։ Բայց արդեն ուշ էր։ Հարցը այն կետի վրա էր դրված, որ պետք էր ընտրել երկուսից մեկը՝ կա՛մ որդուն, կա՛մ սկսած գործը։ Բայց զրկվել թե՛ առաջինից, թե՛ երկրորդից՝ մահվան չափ դառն էր նրա համար։ Այդ սոսկալի տագնապի մեջ էր նա, երբ եղանակը ավելի խառնվել էր, կարմիր քամին կատաղությամբ մռնչում էր և յուր կարմիր փոշին անխնա կերպով սփռում էր թշվառ հոր երեսին, իսկ նա ոչինչ չէր զգում։

— Դու եկար նախատելո՞ւ քո հորը, Սամվել,— ձայն տվեց նա հոգեկան տանջանքներից հետո։

— Ո՛չ, հայր, ես չեկա նախատելու քեզ։ Ես եկա ճշմարիտը, արդարը և իրավացին խոսելու քեզ, որը ո՛չ այլ ոք կհամարձակվեր խոսել, բայց միայն որդիդ։ Ես եկա իմ սրտի, իմ սիրո բոլոր ցանկությամբ աղաչելու և պաղատելու քեզ, որ դու ետ դառնաս այն ճանապարհից, որ տանում է մեր հայրենիքը դեպի անդառնալի կորուստ, իսկ Մամիկոնյան տոհմի հիշատակը՝ դեպի հավիտենական անեծք և դատապարտություն...

Հայրը զգացվեցավ այդ խոսքերից և քաղցրությամբ պատասխանեց.

— Այդ բոլորը խոսել է տալիս քեզ՝ քո երիտասարդական վառ զգացմունքը, քո մաքուր սիրտը, Սամվել, և ես չեմ կարող չուրախանալ, որ դու այդպես անարատ ես մնացել։ Բայց սրտի և զգացմունքի դատողությունները խիստ հազիվ անգամ լինում են ուղիղ։ Դժբախտաբար, ազգերի և ժոդովուրդների կենցաղավարության հարաբերական պայմանների մեջ՝ խիստ նեղ կայան ունի ա՛յն սրբությունը, որ դու կոչում ես առաքինություն, բարոյականություն։ Միշտ զորեղը ճնշում է, ոչնչացնում է անզորին։ Ի՞նչ պետք է արած, որ երբեմն կյանքի անողոք անհրաժեշտությունները դնում են մեզ այնպիսի ճանապարհի վրա և կատարել են տալիս մեզ այնպիսի գործեր, որոնցից դժոխքն անգամ կսարսափեր։ Մեր բոլոր կատարածը անխուսափելի անհրաժեշտության արդյունք է։ Մենք հարվեցանք պարսիկներին, որպեսզի ազատվենք նենգավոր հռովմայեցիներից։ Պարսիկները մեր դարևոր բարեկամներն են եղել։ Վերջին ժամանակներում քրիստոնեությունը բաժանեց մեգ միմյանցից և մեր մեջ կրոնի մեծ անջրպետը