Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/489

Այս էջը սրբագրված է

բռնեց հոր աջը ասելով.— Լսի՛ր, հա՛յր, ընդունի՛ր տառապյալ որդուդ աղաչանքը, մի՛ արատավորիր Մամիկոնյանների պայծառ անունը հավիտենական ամոթով։ Դեռ ուշ չէ։ Դեռ կարելի է վնասի կեսից ետ դաոնալ։ Ցրվեցե՛ք այդ անիծյալ պարսկակպն բանակը, որի ներկայությունը պղծում Է Հայոց երկիրը։ Հեռացրե՛ք պարսիկներին։ Ազատություն շնորհեցե՛ք հայոց գերիներին, թո՛ղ գնան իրանց տները և սրբեն ազգայինների արտասուքը: Թո՛ղ չլինի կռիվը, թո՛ղ չլինի պատերազմը, որ այնքան աղետների, որ այնքան թշվառությունների պատճառ դարձավ։ Թո՛ղ կրկին վերականգնվի հաշտությունը, և Հայոց աշխարհը վայելե յուր նախկին խաղաղությունը։ Ես կգնամ Մերուժանի մոտ, նրանից ևս նույնր կխնդրեմ, կաղաչեմ, կհամբուրեմ նրա ոտները, որ ընդունե իմ խնդիրքը։

Հայրը ոտքի ելավ, դառնացած կերպով ասելով.

— Իզուր կանցնի թե՛ քո աղաչանքը և թե՛ քո խնդիրքը, Սամվել։ Մերուժանը այն տեսակ մարդիկներից չէ, որ ամեն մի համբակի խոսքը լսե։

Արյունը կատաղի հոսանքով անցավ դեպի Սամվելի գլուխը:

— Հա՜յր... — ձայն տվեց նա, և նրա խռովյալ աչքերը վառվեցան բարկության բոցով։— Ե՞ս եմ համբակը։

— Այո՛, դու ես, Սամվել։ Ես չկարողացա հասկացնել քեզ ո՛չ իմ միտքը և ո՛չ իմ նպատակները։ Այժմ մնում է հարցնել քեզ. դու ո՞ր կուսակցության ես պատկանում։

— Այն կուսակցությանը, որ հավատարիմ է մնացել հայրենի եկեղեցուն և սիրելի թագավորին։

— Ուրեմն, դու իմ որդին չես։ Ով որ մեզ հակառակ է, մեզանից չէ։ Մենք անխնա պատժել գիտենք այնպիսիին։

— Եվ ո՛չ դու իմ հայրն ես։

— Սամվե՜լ...

— Ի՜նչ է, դավաճա՜ն...

Հայրը ձեռքը տարավ դեպի յուր սուրը։ Բայց որդու սուրը արդեն մերկացած էր։ Նա շողշողաց և կայծակի նման մխվեցավ հոր սրտի մեջ։ Նա ընկավ, հառաչելով.

— Հայրասպա՜ն...

Որդին, անշարժ արձանի նման կանգնած, մի քանի րոպե լուռ նայում էր արյան մեջ թավալվող հոր վրա։ Հետո սրբեց աչքերի արտասուքը և ձեռքը տարավ դեպի գոտիից քարշ ընկած ար