Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/490

Այս էջը սրբագրված է

ծաթյա փոքրիկ փողը, մոտեցրեց դողդոջուն շրթունքներին, և չարագուշակ արծաթը գուժեց սոսկալի գործողությունը։

Կղզու զանազան կողմերից նույնպես լսելի եղան փողերի ձայներ...


Կարմիր քամին խելագարի նման մռնչում էր, փոթորկվում էր, բարձրացնելով օդի մեջ թանձր, ավազախառն փոշի։ Մրրկածուփ հորիզոնը պատած էր մույգ-աղյուսագույն մռայլով, որ մթնեցնում էր արևի երեկոյան ճառագայթները։ Քամու ուժգին հոսանքի ներքո՝ դալար թուփերը, փշալի մացառները հեծելով, հառաչելով, կպչում էին գետնին և դարձյալ վեր էին բարձրացնում իրանց հողմակոծ գլուխները։ Մոլորված, շփոթված ծտերը, հակառակ իրանց կամքի, տարվում էին օդի մեջ, որպես բամբակի փոքրիկ պատառներ։ Սրաթռիչ բազեն անգամ յուր ուժեղ թևքերով դժվարանում էր ընդդիմադրել զայրացած տարրի կատաղի ալիքներին։ Մրրիկը հետզհետե սաստկանում էր, մարդ և անասուն, սողուն և թռչուն թաքչելու տեղ էին որոնում։ Այդ միջոցին զարմացած Արաքսը, խորին վրդովմունքով դուրս էր հարձակվում յուր ափերից տեսնելու, թե ի՞նչ արհավիրք է կատարվում յուր շուրջը։ «Իշխանաց կղզին» դողում էր, սարսափում էր ամեհի կոհակներից, որ ամեն րոպե պատրաստ էին կլանելու և անհետացնելու նրան։

Բնության ընդհանուր խռովության միջոցին դադարեց որսորդությունը, սկսվեցավ մի այլ տեսակ որսորդություն։

Սկզբում կարծվում էր, թե որսորդները մրրիկի սաստկությունից շփոթվեցան, կորցրին միմյանց և տարածվեցան դեպի կղզու զանազան կողմերը՝ ապաստանի տեղ գտնելու։ Ոչ ոք չէր երևում։ Չէին երևում մանավանդ Սամվելի մարդիկը։

Երևում էր միայն սպիտակ ձիավորը— Մերուժանը։

Նա յուր ձին փութով քշում էր դեպի վրանների կողմը։ Մեծ եղավ նրա զարմանքը, երբ վրանները տապալված տեսավ և այնտեղ ոչ ոքի չգտավ։ Մտածեց՝ գուցե քամին խորտակել էր վրանները, և մարդիկ շտապել էին փախչել, վախենալով, միգուցե կատաղած Արաքսը այնքան բարձրանար, որ ծածկեր կղզին։ «Ո՛չ, այստեղ մի դավադրություն կա...»— ասաց նա և ձեռքը տարավ դեպի կշտից քարշ ընկած գալարափողը, իսկույն հնչեցրեց։ Ոչ ոք չհայտնվեցավ։ Ձիու գլուխը շուռ տվեց դեպի կամուրջը։