Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/491

Այս էջը սրբագրված է

Ճանապարհին մի քանի անգամ աեսավ նա խոտերի վրա ընկած դիակները ճանաչեց։ Ոմանք Սամվելի մարդիկներից էին, ոմանք իրանց մարդիկներից։ Նրա հպարտ դեմքի վրա անցավ մի դառն ծիծաղ։ «Մանուկները մեգ որոգայթի մեջ ձգեցին...»— մտածեց նա և շարունակեց քշել ձին։

Հանկարծ քամու մռնչյունի հետ սուլեց մի այլ ձայն, մի նետ դիպավ նրա կողքին և հառաչելով ցած ընկավ։ Նրան հաջորդեց երկրորդը... երրորդը... Վերջինը ցցված մնաց ազդրի վրա։

«Ա՜խ, եթե գիտենայի, որ դու հագուստիդ տակին զրահ ունես հագած...», լսելի եղավ մերձակա մացառների միջից մի սուր ձայն, որ իսկույն խլացավ քամուց։

Մերուժանը շփոթված կերպով նայեց յուր շուրջը։ Ձին քշեց դեպի այն կողմը, որտեղից սլացավ նետը։ Խիտ մացառները արգելեցին նրա ընթացքը։ Այդ միջոցին մի այլ նետ դիպավ նրա գլխին և դարձյալ ցած ընկավ։

«Փո՜ւհ, սատանան տանե՜...— լսելի եղավ մի զայրացած ձայն,— խայրի տակում ևս երկաթ է թաքցրած...»։

Մերուժանը ետ դարձավ, և յուր խորին վրդովմունքի մեջ չգիտեր որ կողմը գնալ։ Նա ձեռքը տարավ դեպի նետը, որ տակավին մնացել էր ցցված ազդրի մեջ, բարկությամբ դուրս քարշեց։ Արյունն սկսեց վտակի նման հոսիլ։ Դարձյալ դառն ծիծաղը երևաց նրա հպարտ դեմքի վրա, և գլուխը շարժելով ասաց․ «Առաջ մենք էինք որսում մացառների մեջ թաքնված անասուններին, իսկ այժմ մեզ են որսում մացառների մեջ թաքնված դարանագործները...»։

Դարանագործը ոչ այլ ոք էր, բայց միայն պատանի Արտավազդը։ Յուր ընկերների մեջ՝ նրան էր վիճակվել Մերուժանը։ Բայց ոգելից պատանու բաղձանքները մնացին անկատար։ Նրա նետերը դիպան Մերուժանի հագուստի ներքո թաքցրած պողովատյա տախտակներին։ Նա սողալով ու խարխափելով՝ սատանայի նման անցավ թուփերի և մացառների միջով, դուրս եկավ կղզու այն կողմը, որտեղ կապած էր նրա ձին։ Նստեց և նետվեցավ դեպի յուր ընկերները։

Այդ միջոցին, կղզու մի այլ կողմում, մրրկի թանձր փոշու մեջ, մենամարտում էին երկու հոգի՝ ծերունի Արբակը և պարսից Կարեն զորապետը։ Վերջինը զայրանալով ասաց.

— Բավական է, ծեր աղվես, գոնե հիշի՛ր, որ դու մեր հյուրն ես։ Ես խնայում եմ հյուրին։