Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/493

Այս էջը սրբագրված է

Օրը երեկոյացել էր․ արեգակը մտնելու մոտ էր։ Պատանի Հուսիկը մոտ բերեց յուր իշխանի ձին, նա հեծավ, մյուսները նույնպես ձիավորվեցան և դիմեցին դեպի կամուրջը։ Երբ անցան, Սամվելը հրամայեց վեր առնել կամուրջը, ասելով․

— Պետք է հանգիստ թողնել կղզու մնացած դիակները։ Քանդեցեք կամուրջը, որ գազաններ ներս չմտնեն։

Մի քանի րոպեի մեջ քանդեցին շարժական կամուրջը, ձգեցին գետի մեջ։ Ալիքները մի փոքրիկ տաշեղի նման՝ անհետացրին նրան։

Ամենքը դուրս եկան։ Կղզու մեջ մնաց մեկը միայն՝ Մերուժանը։

Նա եկավ այն ժամանակ, երբ արևը արդեն մտել էր։ Երբ տեսավ կամուրջը վեր առած, երկաթյա վանդակի մեջ ընկած գազանի նման՝ վրդովվեցավ, բայց չվհատվեցավ։ Սկսեց զայրացած աչքերով չափել այն տարածությունը, որի վրա գրած էր կամուրջը։ Տարածությունը բավական լայն էր, ձին չէր կարող թռչելով անցնել։ Նայեց ալեկոծված Արաքսին։ Կոհակները փրփրալով բարձրանում էին, գետը ահռելի կերպով որոտում էր։ Ձին քշեց դեպի խռովյալ գետը։ Սպիտակ ձին պատառեց մրրկածուփ ալիքները և անցավ մյուս կողմը, ցամաքի վրա։

Վիրավոր առյուծը ազատվեցավ Արաքսի որոգայթներից...

Ե

ՄԱՅՐԸ

«Հռաքէլ լայր զորդիս իւր, և ոչ կամէր մխիթարել՝ զի ոչ էին»։
Մատրէօս։

Փոթորկային գիշերին հաջորդեց խաղաղ, լուսապայծառ առավոտ։ Բնությունը սքանչանում էր, փառավորվում էր յուր վաղորդյան հրճվանքով։ Թռչունները ուրախաձայն երդերով ողջունում էին տվնջյան լուսատուի հանդիսավոր ելքը։ Ամենուրեք շնչում էր անսպառ հաճություն, ամենուրեք տիրում էր անթառամ