Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/495

Այս էջը սրբագրված է

կղզուց» մինչև այստեղ փոքր ճանապարհ չէ, այդքան տարածության վրա՝ բաց վերքից արյունը միշտ հոսել է։

— Իսկ այդ ջե՜րմը, որ այրում է ինձ... Ես շատ անգամ վիրավորված եմ եղել, բայց այդքան սաստիկ ջերմ երբեք չեմ զգացել։ Չիցե՞ թե նետը թունավորված լիներ։

— Թո՛ղ պայծառ Արամազդը փարատություն շնորհե, վսեմաշուք տեր,— դարձյալ պատասխանեցին բժիշկները միաձայն։— Եթե քո վերքի մեջ մի հյուլեի չափ թույնի նշան լինի, թո՛ղ մեր ամբողջ մարմինը վարակվի թույնով։ Այդպիսի բան չկա։ Ջերմը մրսելուց է առաջ եկել։ Արաքսի սառն ալիքները, որ պատառելով անցար դու, և գիշերվա սաստիկ քամին՝ մրսեցրել են քեզ, որովհետև թրջված ես եղել։ Բայց այս բոլորը ամենակարողի օգնությամբ կանցնի, և շուտով կանցնի, վսեմաշուք տեր։

Հիվանդի մոտ դրած էր զովացուցիչ օշարակ, որ անդադար խմում էր նա՝ սրտի տապն ու կրակը հանգցնելու համար։ Բժիշկների հուսադրությունները թեև բոլորովին չհանգստացրին նրան, այնուամենայնիվ, երեսը շուռ տվեց դեպի բարձի մյուս կողմը և լուռ կացավ։ Նա վախենում էր թունավորվելուց, եթե ոչ, վերքը այնքան սովորական էր նրան, որ չէր կարող երկյուղ ձգել նրա վրա։ Մի գիշերվա մեջ զարմանալի կերպով փոխվել էր նա։ Գեղեցիկ դեմքը գունաթափվել էր, թառամել էր, և այրական ճակա¬ տը պատած էր խիստ տխուր դալկությամբ, կարծես թե ամիսներով հիվանդ լիներ։

Աենեկապետներից մեկը հայտնեց, թե բանակի ավագներից մի քանիսը խնդրում են ներկայանալ։

— Թող գան,— հրամայեց նա։

Բժիշկները մի կողմ քաշվեցան, երբ ներս մտան՝ Հայր-Մարդպետը, Կարեն զորապետը և մի քանի այլ աստիճանավորներ։ Առաջին երկուսը նստեցին հիվանդի անկողնի աջ և ահյակ կողմերում, իսկ մյուսները՝ մի փոքր հեռու։ Մինչև նրանք կհարցնեին հիվանդի առողջությունը, նա ընդհատեց, ինքը հարցնելով.

— Վերադարձա՞ն մարդիկը։

— Վերադարձան,— պատասխանեց Հայր-Մարդպետը տխրությամբ։ — Մամիկոնյան իշխանին չեն գտել, և նրա մասին դեռ ոչինչ տեղեկություն չկա։ Իսկ մյուսների մարմիններն արդեն բերել, հասցրել են բանակը։

Երբ բանակում իմացան «Իշխանաց կղզում» պատահած աղետալի անցքը, հենց գիշերով մի քանի խումբ ճեպընթաց ձիավորներ