Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/498

Այս էջը սրբագրված է

ուրախությամբ նրանց հետ որսակից կշինեիր, եթե քեզ հրավիրեին։ Բայց չկամեցանք քո ներկայությամբ ծանրաբեռնել այլոց զվարճությունը։

Պատասխանը բավական խիստ էր։ Եթե մի ուրիշ ժամանակ լիներ, գուցե գոռոզ ներքինին չէր լռի։ Բայց այս անգամ նա խնայեց հիվանդին, որը երեսը իսկույն շուռ տվեց, այլևս չէր նայում նրա վրա։

Մինչ Մերուժանի երկնագույն վրանում այս տեսակ սրտաբեկ խոսակցության մեջ էին, ուր ամեն ոք, մոլորվելով տխուր տարակուսանքների մեջ, չգիտեր՝ արդյոք պե՞տք էր կշտամբել ընկերին, թե մխիթարել նրան, ուր ամենքը գտնվում էին մի տեսակ անորոշ, անհասկանալի վհատության մեջ,— այո՛, այդ միջոցին, բանակից հեռու, քաղաքի կողմի բարձրավանդակներից մեկի վրա, երկար ձողի գլխին ծածանվում էր մի ինչ֊որ գույնզգույն բան, որ դրոշակի նմանություն ուներ։ Բանակից դեռ ոչ ոք չէր նկատել այդ հանկարծակի երևույթը, թեև վաղորդյան մռայլը արդեն չքացել էր, արևը բավական բարձրացել էր և շրջակայքը ծփում էր սքանչելի լուսավորության մեջ։ Արևի վառ ճառագայթների առջև՝ ավելի աչքի էր զարկում նա։ Իսկ առավոտյան մեղմ հովից փողփողում էր, փռփռում էր և, մի չար ոգու նման, գույնզգույն թևքերը բաց արած, կարծես ձգտում էր սավառնել, ձգտում էր յուր բարձրությունից իջնել բանակի վրա և յուր բոլոր զարհուրանքով ճնշել, ոչնչացնել նրան։ Հիվանդը առաջինը եղավ, որ նկատեց այդ տարօրինակ երևույթը, և երկար նրա անհանգիստ աչքերը հառած էին դեպի այն կողմը։ Դրոշակի եզերքը դրած էին սև շրջանակի մեջ, իսկ մեջտեղի նշանը նա իսկույն ճանաչեց և ամբողջ մարմնով ցնցվեցավ։ Կայծակի հարվածքը չէր կարող այնքան ազդել նրան, որպես այդ գունավոր կտավի կտորը, որ սարսափելի կերպով շանթեց նրա անվեհեր սիրտը։ «Անգութ պառավը տակավին չէ դադարել ինձ հալածելուց...»— մտածեց նա, և նրա գունաթափ դեմքի վրա երևաց նույն դառն ծիծաղը, որ սովորաբար հայտնվում էր տագնապի րոպեներում։ Նրա համար արդեն ամեն ինչ պարզ էր։ Նրա բոլոր տարակուսանքները փարատվեցան, մանավանդ երբ սենեկապետներից մեկը ներս մտավ, հայտնեց, թե պատգամավորություն է եկել, խնդրում են ներկայանալ։

— Թող գան,— ասաց հիվանդը։

Հայր֊Մարդպետը այլևս չկարողացավ համբերել, երբ տեսավ հիվանդի անխոհեմությունը, որ առանց հարցնելու, թե ի՛նչ պատ-

498