Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/5

Այս էջը հաստատված է

ՀԱՌԱՋԱԲԱՆ

Պատմական վեպը մի ժողովրդի պատմական կյանքի նկարագիրն է։ Նա պատկերացնում է յուր մեջ, թե ո՛րպես ապրել է և որպես գործել է մի ժողովուրդ, պատկերացնում է նրա բարքը, վարքը, սովորությունները, պատկերացնում է նրա մտավոր ու բարոյական հատկությունները, մի խոսքով, ներկայացնում է հնադարյան մարդուն յուր բուն, նախնական կերպարանքով, որը ժամանակների ընթացքում փոխվել և ներկա սերնդի համար մոռացվել էր։

Գրելով «Սամվելը», ես նպատակ եմ ունեցել ներկայացնել մի այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից։

Պատմական վիպասանին նյութ է մատակարարում ինքը պատմությունը և այն հիշատակարանները, որ պահել են իրանց մեջ անցյալի հիշատակները և ավանդել են ապագա սերնդին։

Բայց ի՞նչ է տալիս հայ վիպասանին հայոց պատմությունը։

Մենք կարդում ենք նրա մեջ մեր թագավորների, մեր իշխանների անունները, ծանոթանում ենք նրանց ներքին կռիվների ու արտաքին պատերազմների հետ, գիտենք, թե ո՛րը ո՛րքան տարի տիրեց, կամ ի՛նչ լավ և վատ գործեր կատարեց,— այդ բոլորը գիտենք մենք։ Բայց թե ինչպե՞ս էր կազմակերպված նրանց ընտանեկան կյանքը, ի՞նչ սովորություններ ունեին, ինչպե՞ս էին հագնում, ի՞նչ տեսակ տների մեջ էին ապրում, մի խոսքով, իբրև մարդ, նրանց ընտանեկան և հասարակական կենցաղավարության