Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/502

Այս էջը սրբագրված է

— Քn ընտանիքի արդար վրդովմունքին, քո քաղաքացիների իրավացի բարկությանը` դու պատասխանեցիր վրեժխնդրության կատաղի անգթություններով, ո՛վ քաջդ Մերուժան։ Փոխանակ զղջալու, փոխանակ դարձի գալու, փոխանակ բարությամբ կրկին գրավելու նրանց սերն ու հարգանքը, դու սկսեցիր բռնություն գործ դնել։ Անխնա կերպով այրեցիր Վան քաղաքը, որ քեզ և քո հայերին էր պատկանում։ Եվ անողորմ ձեռքով դեպի գերություն վարեցիր քո սեփական հպատակներին։ Ի՞նշ էր նրանց հանցանքը, ինչո՞վ էին մեղավոր քո քաղաքացիները։ Նրանո՞վ, որ չհնազանդվեցան քեզ, նրանո՞վ, որ չկամեցան ուրացող տեր և իշխան ունենալ։

Նա ձեռքը մեկնեց դեպի բարձրավանդակի գագաթին պարզաձ դրոշակը, ասելով.

— Նայի՛ր, ո՛վ քաջդ Մերուժան, ահա՛ այնտեղ ծածանվում է քո նախահարց դրոշակը։ Նրա մոտ կանգնած է քո մայրը` ամբողջ Վասպուրականի տիկինը։ Նա դնում է քո առջև երկու բան` յուր մայրական սերը և յուր հավատարիմ հպատակների զենքը։ Որը կամենում ես, ընտրի՛ր։ Նա, հանուն քրիստոնեության, հանուն ծնողական գթության, պատրաստ է ներել քեզ, պատրաստ է մոռանալ բոլոր աղետալի անցքերը, եթե դու կցրվես պարսից բանակը, կվերադարձնես հայոց գերիներին և հաշտությամբ վերջ կտաս ներքին պատերազմին։ Եթե այս բոլորը կատարես դու, այն ժամանակ նա յուր մայրական ձեռքը կմեկնե քեզ համբուրելու, դու դարձյալ կլինես Վասպուրականի տերն ու իշխանը, և քո ժողովուրդը ամենայն հնազանդությամբ կխոնարհվի քեզ։ Իսկ եթե ոչ, թո՛ղ կռիվը, թո՛ղ դարձյալ արյունը վճռե աստուծո կամքը։

Բոլոր ներկա գտնվողները բարկությունից իրանց ատամները կրճտացնում էին և զարմանում էին Մերուժանի համբերության վրա։ Հայր-Մարդպետը մի առանձին արհամարհանքով հարցրեց.

— Շա՞տ զորք է բերել յուր հետ Վասպուրականի տիկինը։

Պատգամավորը խեթ կերպով նայեց նրա երեսին, պատասխանելով.

— Նա բերել է յուր հետ Վասպուրականի ամենալավ տղամարդերին, ո՛վ Հայր-Մարդպետ։ Նրա հետ են և՛ արագոտն մոկացիք, նրա հետ են և՛ երկայնաղեղ սասունցիք, նրա հետ են և սարսափելի ռշտունցիք։ Նրա հետ է և՛ մեր պաշտելի սուրբ խաչվի զորությունը։

Հայր-Մարդպետը խնդաց, նկատելով.

502