Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/504

Այս էջը սրբագրված է

ճրվանի ավերակները։ Դժբախտ քաղաքը դեռևս ծխում էր կրակի ու մոխրի մեջ։ Իսկ դրոշակը նրա հանդեպ ծածանվում էր, որպես մի արագահաս մխիթարություն։ Նա յուր բարձր դիրքից իշխում էր պարսից բանակի վրա։ Իսկ ահարկու բանակը բռնել էր տափարակի ամբողջ տարածությունը, որ գտնվում էր բարձրավանդակի ստորոտում։

Դրոշակի մոտ կանգնած էր Վասպուրականի տիկինը և մեծ անհամբերությամբ սպասում էր յուր պատգամավորների պատասխանին։ Նա ոտքից գլուխ հագած ուներ սգավորի սև զգեստ։ Այս հագուստը կրում էր նա սկսյալ այն օրից, երբ յուր որդու, Մերուժանի ուրացության ողբալի բոթը լսեց։ «Նա մեռա՜վ ինձ համար...»— ասաց առաքինի տիկինը խորին հառաչանքով և այն օրից ուխտեց՝ չմերկենալ այս հագուստը, մինչև որդու կատարելիք չարագործությունները յուր բարությամբ չդարմանե։

Նրան շրջապատել էին յուր հետ եկած լեռնականների նահպետները, որոնց թվումն էին՝ Սամվելը և ծերունի Արբակը։ Պատանի Արտավազդը անհանգիստ կերպով այս կողմ ու այն կողմ էր ընկած և յուր անելիքը ինքն էլ չգիտեր։ Տիկնոջ մի կողմում կանգնած էր Ռշտունյաց Գարեգին նահապետը, իսկ մյուս կողմում Մոկաց Վահրամ և Սասնո Ներսեհ իշխանները։

Զորքը բռնել էր զանազան դիրքեր։ Վասպուրականցիք տեղավորված էին այն բարձրությունների վրա, ուր գտնվում էր իրանց տիկինը։ Ռշտունցիք թաքնվել էին քաղաքի այգիների մեջ, կտրելով միակ ճանապարհը, որ տանում էր դեպի Երնջակ և Զուզայի կամուրջը։ Սասունցիք փակել էին այն ճանապարհը, որ տանում էր դեպի Արտաշատ։ Մոկացիք բարձրացել էին Արաքսի կողմի բլրակների վրա։ Եվ այսպես, պարսից բանակը չորեքկողմից պաշարված էր թշնամիներով։

Վերադարձան պատգամավորները, հայտնեցին Վասպուրականի տիկնոջը որդու պատասխանը։ Տխրության մթին ամպը անցավ պատկառելի դեմքի վրա, և նրա հեզ աչքերը լցվեցան արտասուքով։

— Ես ուրիշ պատասխան չէի սպասում,— ասաց տառապյալ մայրը ցավալի ձայնով։— Հրա՜շք կլիներ, եթե նա դարձի գար։ Բայց նա հիվա՜նդ է... նա վիրավո՜ր է...

Վերջին խոսքերի մեջ լսվեցավ մայրական սրտի գառն կսկիծը՝ յուր բոլոր հրաբորբոք վշտերով։ Նա դեռ սիրում էր որդուն, նա դեռ խնայում էր որդուն։ Նա պատրաստ էր ամեն ինչ տալ,