Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/505

Այս էջը սրբագրված է

միայն թե առանց կռվի, առանց արյան՝ կարողանար հաշտվել յուր խղճի և յուր զգացմունքների հետ։ Նա պատրաստ էր՝ մինչև անգամ թողնել որդուն յուր կամքին, յուր մոլորությունների մեջ, եթե նրա վարմունքը ուրիշ շատ հազարավորների կորստյան պատճառ չդառնար։ Բայց նա տանում էր յուր հետ մի ահագին գերություն, տանում էր անհետացնելու նրանց Պարսկաստանի խորքերում։ Այդ գերիներից շատերը տիկնոջ հպատակներն էին, որոնք ծառայել էին նրան ամենայն հավատարմությամբ, որոնց սիրում էր նա յուր հարազատ զավակների նման։ Ինչպե՜ս կարելի է զրկվել նրանցից։ Այս դառն մտածությունների մեջ տարուբերվում էր վշտալի կինը, երբ Ռշտունյաց Գարեգին նահապետը դարձավ դեպի նա, ասելով.

— Մենք չպիտի խնայենք նրան, որ չխնայեց յուր հարազատին — իմ կնոջը, և նրան կախ տվեց Վանա միջնաբերդի աշտարակից։

Նա հիշեցրեց դժբախտ Համազասպուհու ցավալի վախճանը։

— Մենք չպիտի խնայենք նրան,— ավելացրեց Մոկաց Վահրամ իշխանը,— որ այնքան քաղաքներ մոխիր դարձրեց, որ այնքան վանքեր ու եկեղեցիներ կործանեց, որ մեր սիրելի թագավորին և մեր պաշտելի թագուհուն աքսորել տվեց և Հայոց աշխարհը ծածկեց կրակով ու արյունով...

— Արյունը պետք է արյունով լվանալ,— ընդհատեց Սասնո Ներսեհ իշխանը։

— Եվ չարությունը՝ չարությամբ,— մեջ մտավ պատանի Արտավազդը։

Սամվելը լուռ լսում էր։

Նրա մոտ կանգնած էր ծերունի Արբակը, որ մի առանձին տհաճությամբ նկատեց.

— Շատ էլ որ դուք կամենաք արյունը ջրով լվանալ և չարությունը՝ բարությամբ, կարծո՞ւմ եք, դրանով կխափանվի չարը։

— Ավելի կհաստատվի յուր չարության մեջ,— խոսեց Սամվելը։— Նա հրեշավոր Նեռն է, որ հայտնվել է մեր խաղաղ աշխարհում, յուր հետ բերելով սով, սրածություն, մոլորություն և ավերմունք։ Ինչ որ կարող էր կատարել, արդեն կատարել է։ Զղջում և ապաշավանք չկա նրա համար։ Նա տակավին պիտի շարունակե յուր ապականությունները մեր աշխարհում։ Ինչպե՞ս խնայել նրան, որ մի մազի չափ տեղիք չէ թողել, որով կարելի լիներ ներել։ Ոչինչ չարիք պակաս չէ մնացել, որ չէ կատարել նա։ Միթե կարելի է խնայել նրան։