Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/507

Այս էջը սրբագրված է

հաջողություններից հետո, հանկարծ հաղթված լինել և հաղթված լինել մի պառավից,— այս միտքը սարսափելի կերպով վրդովեցնում էր նրան։ Նա երբեք չէր վհատվի, նա երբեք այսպիսի մտատանջությունների մեջ չէր ալեկոծվի, եթե առողջ լիներ։ Բայց նա հիվանդ էր և տկար։ Հանձնել յուր բախտը և յուր զորքերի բախտը յուր զորապետներին, որոնց վրա կատարյալ վստահություն չուներ,— այս միտքը նա բոլորովին վտանգավոր էր համարում։ Գուցե, եթե մնացած չիներ Մամիկոնյան իշխանը, նա այդ հոգսերից ազատ կլիներ։ Բայց զրկվեցավ յուր ամենալավ բարեկամից և քաջ գործակցից, որին միայն կարող էր ամենայն վստահությամբ հավատալ։ Ուրեմն ի՞նչ պետք էր անել։

Հայր-Մարդպետը, Կարեն զորապետը և պարսից մյուս աստիճանավորները դեռ նստած էին նրա անկողնի մոտ և անհամբերությամբ սպասում էին նրա հրամաններին։ Նա դարձավ դեպի յուր աստիճանավորները այս խոսքերով։

— Այժմ ես բոլորովին հասկանում եմ Սամվելին՝ թե՛ բարեկամական պատրվակով գալուստը մեզ մոտ և թե՛ նրա անգութ վարմունքը «Իշխանաց կղզում»։ Նա եկավ մեզ մոտ հետազոտելու մեր բանակի դրությունը, կշռելու մեր ուժերը, և նախքան մեր դեմ պատրաստված պատերազմի սկսելը, ոչնչացնելու մեր զորքերի առաջնորդներին, որպեսզի, նրանք անգլուխ մնալով, ավելի հեշտ լիներ հաղթություն շահել։ Ես այժմ ոչինչ տարակույս չունեմ, որ նա սպանել է յուր հորը, և ինքը այս րոպեիս գտնվում է իմ մոր մոտ։

— Դու կարծում ես, որ Սամվելը քո մոր խորհրդո՞վ էր հնարել յուր դավադրությունը,— հարցրեց Հայր-Մարդպետը։

— Ես այդ չեմ կարծում։ Իմ մայրն այնքան ազնիվ կին է, որ երբեք խաբուսիկ միջոցներով մարդիկ չէր ուղարկի մեզ դավ դնելու, և ոչ Սամվելը հանձն կառներ մի այսպիսի ստորություն։ Բայց, այսուամենայնիվ, ես աներկբա եմ, որ նրա գալուստը մեզ մոտ, եթե ոչ իմ մոր խորհրդով, այլ, անտարակույս, նրա գիտությամբ է եղել։ Սամվելը եկավ մեզ մոտ երկու նպատակով. նախ, աշխատել համոզելու յուր հորը և ինձ, որ մենք թողնենք մեր սկսած ձեռնարկությունը և միանանք ուխտապահ նախարարների հետ, որոնք հավատարիմ են մնացել իրանց թագավորին և հին դրությանը։ Իսկ եթե չհաջողվի նրան համոզել մեզ, այնուհետև գործ դնել յուր սուրը։ Այդպես էլ արավ նա։ Նա եկավ մեզ մոտ՝ որպես նպատակի զոհ, և ես չեմ կարող չնախանձվիլ նրա անձնազոհության