Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/508

Այս էջը սրբագրված է

եռանդով, որ հատուկ է միայն բարձր, քաջազնական հոգիներին։ Եթե ես նրա նման մի քանի մարդիկ ունենայի, շատ բախտավոր կլինեի—

Նա դարձյալ ընկղմվեցավ խորին մտածությունների մեջ։ Նրա վերջին խոսքերը վիրավորեցին Հայր-Մարդպետին։ Վիրավորվեցան և պարսից աստիճանավորները։

— Հիվանդության ջերմը քեզ տենդային դրության մեջ է դրել, Մերուժան,— ասաց Հայր-Մարդպետը յուր ամուր, խրոխտալի ձայնով։— Դու քո խոսքերը չես կշռում։ Միթե մի տհաս, երազամոլ երիտասարդի չափ համարմունք չունե՞նք քո աչքում։ Դու հանգիստ կա՛ց քո մետաքսյա փափուկ անկողնում, և թո՛ղ այդ բժիշկները դարմանեն քո վերքը։ Մենք կգնանք և քո թշնամիների հետ կվերջացնենք մեր գործը։ Մի՞թե պարսից արքայից արքայի քաջ, կրթված զինվորները պիտի դողան մի քանի բուռ վայրենի լեռնականների առջև։

— Գնացե՛ք,— պատասխանեց հիվանդը զայրացած ձայնով։—Հրամայեցե՛ք թմբուկները հնչեցնեն, և զորքը պատրաստվի կռվելու։

Հետո դարձավ դեպի յուր սենեկապետը․

— Ասա՛, թող պատրաստեն իմ ձին և իմ զենքերը։

Հայր-Մարդպետը սաստիկ ստրջացավ, որ առիթ տվեց հիվանդի վրդովմունքին։ Բռնեց նրա ձեռքը, աղաչելով.

— Խնայի՛ր քեզ, Մերուժան։ Դու հիվանդ ես և բավական տկար։ Դու բոլորովին կհյուծվես և իսպառ կենսամաշ կանես քո անձը։ Այժմ հանգիստ կաց քո վրանում, և գոնե այսօր զորքի հրամանատարությունը թող մեզ։ Դու կատարելապես վիրավորած կլինես քո աստիճանավորներին, եթե այդ ծառայությունից զրկես նրանց։

Պարսիկ աստիճանավորները նույնպես սկսեցին թախանձել, որ նա դուրս չգա յուր վրանից, և յուրաքանչյուրը հայտնում էր յուր դժգոհությունը, թե ինչո՛ւ նա թերահավատությամբ է վերաբերվում դեպի իրանց ծառայությունները։

— Շնորհակալ եմ ձեր կարեկցության և մանավանդ ձեր հավատարմության համար,— պատասխանեց հիվանդը։— Բայց ես այժմ բոլորովին առողջ եմ զգում ինձ։ Իմ զինվորները այնքան սովորած են ինձ, որ եթե մեռնելու լինեի, դարձյալ կպատվիրեի ձեզ, որ իմ դագաղը տանեիք իմ գունդերի առջևից։ Դա անպատճառ կխրախուսեր և քաջալերություն կներշնչեր նրանց։