Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/509

Այս էջը սրբագրված է

Եվ իրավ, պարսից բանակը արդեն սաստիկ հուզման և խորին իրարանցման մեջ էր։ Ամեն մի զինվոր գիտեր, որ պաշարված է թշնամիներով։ Աոաջին բոթը գուժեցին ջորեպանները և ձիապանները, որ բանակից հեռու գրաստներ էին արածացնում։ Նրանք, հենց որ նկատեցին թշնամու մոտենալը, իսկույն հավաքեցին բոլոր անասուններին և սկսեցին փախչել դեպի բանակը։ Այդ ժամանակ արևը դեռ չէր ծագել, դեռ բավական մութն էր։

Թշնամու հարձակման բոթը անցել էր և գերիների քարավանի մեջ։ Բայց նրանց համար բոթ չէր, այլ փրկության ավետիք էր։ Այդ խղճալիների ուրախությունն ու արտասուքը սահման չուներ։ Շղթայաբեկ գազանների նման, ցնցում էին երկաթյա կապանքները և, իրանց աղոթավոր հայացքը դեպի երկինք դարձնելով, անհամբերությամբ սպասում էին աստուծո ուղարկած ազատիչներին։

Այդ միջոցին հրապարակի վրա հայտնվեցավ սպիտակ ձիավորը՝ Մերուժանը։ Դարձյալ վեհապանծ շքով, դարձյալ նրա ահարկու զենքն ու զրահը փայլում էին դյուցազնական փառքով։ Ամենևին չէր նշմարվում, որ հիվանդ է։ Նրա մխիթարական երևույթը ընդհանուր ոգևորություն ներշնչեց բանակի մեջ։ Զորքը սիրում էր նրան։ Չկար մի զորապետ, որ նրա նման առատաձեռն կերպով վարձատրեր զինվորի քաջությունը։ Նա յուր զորքի լավ բարեկամն էր և սոսկալի հրամանատարը։

Զորքը արդեն կազմ ու պատրաստ էր հրապարակի վրա։ Նա դարձավ դեպի զինվորները մի քանի քաջալերական խոսքերով: Նրա ձայնը հնչում էր յուր նախկին ամրությամբ, նրա խոսքերը հեղվում էին որպես բոցավառ սրտի ազդու քարոզներ։

— Զինվորնե՛ր,— ասաց նա,— դուք մինչև այսօր ամենայն բավարարությամբ արդարացրիք այն բաղձայի հույսերը, որ դրել էր ձեր վրա՝ մեր ամենիս տերն ու թագավորը՝ արեգնափայլ արքայից արքան, երբ նա յուր հայրական օրհնությամբ ձեզ ճանապարհ դրեց Տիզբոնից դեպի Հայաստան։ Ձեր քաջությունների փառավոր արդյունքն է՝ այն ահարկու բերդերն ու ամրոցները, որ գրավեցինք մենք Հայոց երկրում։ Ձեր քաջությունների փառավոր արդյունքն է՝ այն հզոր քաղաքները, որ կործանեցինք մենք Հայոց երկրում։ Ձեր քաջությունների փառավոր արդյունքն է՝ այն անթիվ գերությունը և այն անբավ ավարն ու հարստությունը, որ մեզ հետ պիտի տանենք Պարսկաստան։ Պայծառափայլ Արամազդը օգնեց մեզ, և մենք հրաշալի հաղթություններով պիտի թողնեինք Հայոց երկիրը, որ շուտով մեզ էր պատկանելու։ Մեր բանակը դրած էր