Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/51

Այս էջը սրբագրված է

տապով։ Գունաթափ էր այրական դեմքը, գունաթափ, որպես մարմարիոն։ Նա կրկին կանգնեց Սամվելի առջև և, ուղիղ նրա թախծալի աչքերի մեջ նայելով, հարցրեց.

— Ինչո՞ւ ես լուռ, ինչո՞ւ չես պատասխանում։

— Դու ավելի բախտավոր ես, քան թե ես, Մուշեղ,— ասաց Սամվելը,— քո հայրը մի հերոս էր և հերոսի վախճան ունեցավ... Նա յուր ամբողջ կյանքը անցկացրեց, պատերազմելով հայրենիքի թշնամիների հետ, և վերջը յուր անբախտ թագավորից չբաժանվեցավ... Սուրհանդակը պատմում էր ինձ, թե ինչպես նա յուր բոլոր վեհությամբ կանգնած էր Շապուհի ատյանում և հանդիմանում էր ուխտազանց թագավորի խաբեությունը: Ամբողջ ատյանը և ի՛նքը թագավորը զարմացած էին մնացել նրա համարձակության վրա: Բայց ես անբախտ որդի եմ։ Իմ հա՛յրը արժանավոր հարազատի անարժան եղբայրը, դավաճանեց յուր հայրենիքին, դավաճանեց յուր թագավորին։ Այժմ, Շապուհի ձեռքում մի անարգ գործիք դարձած, դալիս է ծածկելու հայրենի երկիրը հրով և արյունով... գալիս է ոչնչացնելու այն եկեղեցիները, որոնց մեջ ինքը մկրտված է և որոնցից շատերը յուր նախնիքն են կառուցել... գալիս է մեզ ստիպելու, որ պարսկերեն աղոթենք և պարսից աստվածներին երկրպագենք...

Արտասուքը թույլ չտվեց նրան ավարտել յուր խոսքերը, երկու ձեռքով բռնեց աչքերը և սկսեց դառն կերպով հեկեկալ։ Նա չուներ Մուշեղի խստասրտությունը և ոչ նրա ամուր բնավորությունը: Նրա սիրտը այնքան քնքուշ էր և նրա զգացմունքները այնքան նուրբ էին, որ ամենաթեթև պատահարներն անդամ սաստիկ ազդում էին նրա վրա։ Բայց Մուշեղը ուշադրություն չդարձրեց նրա արտասուքի վրա և կատաղությամբ գոչեց.

— Այո՛, քո հայրը դավաճանեց, և Մամիկոնյանների տոհմի վրա մի մեծ բիծ դրեց... պետք է մաքրե՛լ այդ բիծը... Նա երեսը շուռ տվեց, և նրա աչքին ընկավ յուր պապի` Վաչեի պատկերը, որ քարշ էր ընկած պատից։ Մի քանի րոպե կանգնեց պատկերի առջև, խորին պատկառանքով նայում էր նրա վրա։ Հետո դարձավ դեպի Աամվելը և, ձեռքը մեկնելով դեպի պատկերը, խոսեց.

— Երբ այդ հերոսը ընկավ պատերազմի դաշտում, այն արյունահեղ կռվի մեջ, որ մղում էր պարսիկների դեմ, այդ ժամանակ հայոց ամբողջ աշխարհը սուգի մեջ մտավ։ Լաց էր լինում թագավորը, լաց էր լինում զորքը, լացում էին և շինականները։ Նրա թաղման