Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/511

Այս էջը սրբագրված է

թե պետք է ուղղակի հարձակում գործել և ցրվել թշնամուն։

— Շատ ամոթ կլիներ,— ասաց նա,— որ մենք մեր վահաններով ծածկվեինք, և համբերությամբ սպասեինք, որ թշնամին յուր գետերը արձակեր մեր վրա։ Նրանք մեզ, իրավ է, պաշարման դրության մեջ են դրել, բայց շատ դժվար չէ՝ իսկույն ևեթ նրանց պաշարման դրության մեջ փակել։ Իշնամու ուժերը բաղկացած են ըստ մեծի մասին հետևակներից։ Բավական է միայն հրամայել մեր քաջ հեծելազորի բազմությանը՝ հեռանալ բանակից և շուրջանակի պաշարել նրանց։

— Ինչպե՞ս հեռանալ բանակից, Հայր-Մարդպետ,— պատասխանեց Մերուժանը հուզված ձայնով։— Մեր ամենավտանգավոր թշնամին հենց մեր բանակի միջումն է։

— Ի՞նչ թշնամի։

— Ահա՛ այդ գերիների բազմությունը։ Դրանք կդառնան դեպի մեզ...

— Ինչո՞վ։

— Իրանց շղթաներով կսկսեն ջարդել իրանց պահապանների գլուխները։

— Եթե մի այսպիսի ցույց անելու լինեն, մենք կհրամայենք իսկույն կոտորել բոլորին։

— Ո՞ր մեկին կոտորել։ Նրանց թիվը մեր զինվորներից պակաս չէ։

Հայր-Մարդպետը մտածության մեջ ընկավ։ Մերուժանը պնդեց յուր կարծիքը, ասելով.

— Մենք երկու գործ ունենք կատարելու. մի կողմից պետք է զսպենք գերիներին, որ նրանք չապստամբվեն մեր դեմ, մյուս կողմից՝ պե՞տք է կռվենք նորեկ թշնամու հետ։ Այդ պատճառով, պաշտպանողական դիրքը գոնե սկզբում, ավելի նպաստավոր է մեզ։

Հայր-Մարդպետը դարձյալ մնաց յուր համոզման մեջ, բայց չհակառակեց։

Մինչ այստեղ այս վիճաբանությունների մեջ էին, Վասպուրականի տիկնոջ հետ եկած իշխաններն ու նահապետները, առանց խորհրդի, առանց նախամտածության, հանձնեցին իրանց միայն աստուծո կամքին և, Մերուժանի մոր աջը համբուրելով, առին նրա օրհնությունը, հետո յուրաքանչյուրը դիմեց դեպի յուր զորքը։ Տիկնոջ մոտ մնացին միայն Արծրունյաց տան դրանիկներն ու ծառաները և մի քանի խումբ զինված հադամ կերտցիք, որ չհեռացան նրանից։