Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/512

Այս էջը սրբագրված է

Նա նստած էր ճանապարհորդական փոքրիկ թախտի վրա, և չորս սենեկապետներ, շորս ձողերից բռնած, պահել էին նրա գլխի վրա մի փառավոր ամպհովանի, որ զարդարած էր ոսկեթել փունջերով ու ծոպերով։ Արեգակը արդեն սկսել էր այրել, և օրվա տոթը հետզհետե անտանելի էր դառնում։

Հանկարծ տիկնոջ գիրկն ընկավ պատանի Արտավազդը, որ, փաթաթվելով նրա պարանոցին, սկսեց աղաչել.

— Թո՛ղ տուր, մայրիկ, ես էլ գնամ նրանց հետ... ես էլ կռվեմ...

— Դու հանգիստ կաց, զա՛վակս,— պատասխանեց տիկինը, փայփայելով նրա ոսկեզօծ սաղավարտը։— Դեռևս ի՜նչ քո գործն է կռիվը։ Երբ աստուծով կմեծանաս, այն ժամանակ շատ առիթներ կունենաս կռվելու։

Պատանու վառվռուն աչքերում հայտնվեցան արտասուքի կաթիլներ։

— Ես ումի՞ց եմ պակաս,— ասաց նա տրտնջալով։— Ինձ միշտ կրկնամ են, թե պիտի մեծանա՜ս... Հիմա խո երեխա չեմ... բավական մեծ եմ...

Տիկնոջ վշտալի աչքերում նույնպես հայտնվեցան արտասուքի կաթիլներ։ «Անմե՜ղ երեխա,— մտածեց նա,— միթե քե՞զ էլ տանջում է հայրենիքի դժբախտության ցավը, միթե դո՞ւ էլ զգում ես, թե՛ ինչ չարիքներ են կատարվում մեր աշխարհում...»։

— Հանգիստ կա՛ց, զավակս,— կրկնեց նա, համբուրելով անզուսպ պատանու գունաթտփ երեսը։— Դու մնա ինձ մոտ, սիրելիս, այստեղից կաղոթենք և կնայենք, թե ի՛նչպես են կռվում ուրիշները։

Արտավազդի բարկությունից ուռած շրթունքները դողդողացին։ Փոքր էր մնում, որ նա թռցներ բերանից յուր գաղտնիքը, ասելով, թե ինչո՞ւ են իրան միշտ տղայի տեղ դնում, երբ որ նույնիսկ տիկնոջ որդին, պարսից զորքերի հզոր հրամանատարը, որ այժմ վիրավոր է,— դա կատարվել է յուր նետերի շնորհիվ։ Բայց նա ծածկեց մանկական սրտի հրաբորբոք վրդովմունքը և մնաց տիկնոջ մոտ։

Տիկնոջ տխուր հայացքը դարձավ դեպի պարսից բանակը, ուր մի քանի ժամից հետո պիտի վճռվեր բյուրավոր գերյալների վիճակը։ Դրանք հայր ունեին, մայր ունեին, տուն և զավակներ ունեին։ Հազարավոր սրտեր պիտի ուրախանային նրանց ազատությամբ, հազարավոր սգավորներ պիտի մխիթարվեին նրանց վերադարձով։