Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/513

Այս էջը սրբագրված է

Այդ միտքը լցնում էր առաքինի կնոջ հոգին անսահման երանությամբ, և յուր ալետանջ սրտի ամենաջերմ բաբախմունքով սպասում էր կռվի վախճանին։

Բայց, միևնույն րոպեում, նրա սգավոր աչքերի առջև ներկայանում էր որդին,— հիվանդ, վիրավոր որդին։ Հիվա՞նդ էր նա մարմնապես, հիվա՜նդ էր նա և հոգեպես։ Ի՞նչը կարող էր բժշկել նրան։ Ի՞նչը կարող էր ապառաժ սիրտը փափկացնել և պարսկական ախտերով ու մոլորություններով վարակված հոգին՝ կրկին դեպի ուղղություն վերածել:

Որդու հիվանդության պատճառների վերաբերությամբ դեռ ստույգ տեղեկություններ չուներ նա։ Սամվելը այդ մասին դեռ ոչինչ չէր ասել։ Նրան հայտնել էին այսքանը միայն, թե որսորդության միջոցին, փոթորկի ընդհանուր խռովության ժամանակ, սխալմամբ արձակած նետի է հանդիպել։ Իսկ Մամիկոնյան իշխանի սպանման մասին դեռ ոչինչ չգիտեր։

Մոր մի կողմում կանգնած էր նույն պատգամավորը, որին ուղարկել էր որդու մոտ։ Դարձավ դեպի նա, հարցնելով.

— Դու լավ նայեցի՞ր նրա վրա, Գուրգեն։

— Ի՛նչպես չէ, տիկին։ Համարյա մի ժամ տևեց մեր խոսակցությունը։ Բոլոր ժամանակը միշտ նայում էի նրա վրա։

— Շա՞տ էր մաշված։

— Ոչ այնքան։ Միայն բավական գունաթափվել էր։

— Նա իմ մասին ոչինչ չհարցրե՞ց։

— Ոչինչ։ Ամենևին։

— Եվ յուր կնո՞ջ և յուր զավակների մասին։

— Դարձյալ ոչինչ։

— Քարասի՚րտ,— բացականչեց տառապյալ մայրը, սգավոր գլուխը շարժելով։— Նա ամեն ինչ մոռացել է... նա ամեն ինչ ուրացել է...

Կրկին դժբախտ կինը ընկղմվեցավ տխուր մտածությունների մեջ, կրկին դառն արտասուքը սկսեց հոսիլ վշտալի աչքերից։

Մյուս անգամ դարձավ նա դեպի հավատարիմ զորապետը, հարցնելով.

— Դու ինչո՞ւ չգնացիր կռվելու, Գուրգեն, դու ինչո՞ւ մնացիր այստեղ։

— Ես մնացի, որ իմ ձեռքի տակ եղած մարդիկներով պահպանեմ այդ դիրքը, ուր գտնվում ես դու, տիկին,— պատասխանեց ծերունի զորապետը։

33 Րաֆֆի, Երկերի ժողովածու, 6. VII