Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/514

Այս էջը սրբագրված է

— Դու կարծում ես, որ նա կհարձակվի և մո՞ր վրա։

— Անպատճառ։ Նրա առաջին ջանքը կլինի` գրավել ալդ բարձրավանդակը և քեզ, տիկին, գերի վերցնել։ Ձեռքս կկտրեմ, եթե այդպես չանե։

— Ի՞նչ պիտի շահե ինձ գերի վարելով։

— Շատ բան, տիկին։ Նա քեզ համարում է յուր վտանգավոր ախոյանը և թշնամին։

Մեջ մտավ պատանի Արտավազդը.

— Երբ նա կհամարձակվի ոտք դնել այդ բարձրության վրա, ես առաջինը կլինեմ, որ նրա վրա նետեր կարձակեմ։

Տիկինը գրկեց սրբազան վրդովմունքով զայրացած մանկությունը և համբուրեց։


Նախճվանի գետի կողմից, սև, թուխպի նման, առաջ էր մղվում մի մթին ամբոխմունք, և ո՛րքան մոտենում էր, ա՛յնքան աճում էր, ա՛յնքան ստվարանում էր։ Նա դուրս եկավ գետի ափերը ծածկող ծառաստանի միջից, և արագ ընթացքով շարժվում էր դեպի պարսից բանակը։ Դա լեռնականների մի բազմություն էր, որ բաղկացած էր թեթև զինված աղեղնավորներից և տիգավորներից։ Նրանց առաջնորդում էր Ռշտունյաց Գարեգին նահապետը։ Երբ մերձեցան, բանակից բավական հեռավորության վրա կանգ առին, մնացին անշարժ։

Մերուժանի արծվի հայացքը դարձավ դեպի թշնամին։ «Սկսեցին...»— մտածեց նա և, դառնալով դեպի յուր մոտ գտնված համհարզներից մեկը, հրամայեց.

— Ասա՛ Կարեն զորապետին, որ մի քանի գունդ քաջ աղեղնավորներով և սպարակիր տիգավորներով գնա այդ կողմը:

Հրամանը իսկույն կատարվեցավ։

Միևնույն ժամանակ, որպես մի արագահաս փոթորիկ, որ տարվում է քամու ուժգին հոսանքից, և յուր կատաղի ընթացքի միջոցում՝ սրբում է, ավելում է ամեն մի հանդիպած խոչընդոտություն,— այսպիսի մի ահավորությամբ հայտնվեցան մի քանի խումբ ձիավորներ։ Թմբուկների որոտը, նախընթաց գոռումն ու գոչումը՝ կարապետում էին հանդուգն արշավանքին։ Նա սլացավ և կայծակի արագությամբ ճեղքելով պարսից բանակի մի ծայրը, անցավ։ Նա անցավ, ավելի աղմկելով և խռովության մեջ դնելով