Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/515

Այս էջը սրբագրված է

ընդարձակ բանակը, քան թե ո՛րևէ վնաս պատճառելով, և իսկույն անհետացավ մերձակա բլուրների ետևում։

Մերուժանը նայում էր։

— Բավական հաջող կերպով կատարվեցավ խաղը,— ասաց նա ժպտալով:— Կցանկանայի գիտենալ, թե ով էր այդ համարձակ ձիավորների առաջնորդը։

— Սամվելը,— պատասխանեցին նրան։

— Սամվե՞լը,— կրկնեց Հայր֊Մարդպետը, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով:— Վատ չէ՜... Նա յուր հորից ընծա ստացավ պարսից Շապուհ արքայի պարգևած ոսկեգույն նժույգը։ Այժմ նույն նժույգով աղմկում է Շապուհ արքայի բանակը... Այդ նժույգը՝ յուր ճակատի ճերմակ աստղով՝ հայտնի էր որպես բարեհաջող հատկություններով օժտված մի ձի։ Բայց նա հաջողություն շնորհեց ո՛չ թե հորը, այլ որդուն...

Սամվելի երևույթը, իրավ, այն աստիճան ուժգին ցնցում պատճառեց պարսից ծանր, լայնանիստ բանակին, որ ամենքը սաստիկ իրարանցման մեջ ընկան։

— Բայց ո՞ւր կորավ նա,— հարցրեց Հայր֊Մարդպետը։

— Ինչո՞ւ ես շտապում,— պատասխանեց Մերուժանը։— Նա դարձյալ կհայտնվի, և գուցե շուտով կհայտնվի։

Մերուժանը դեռ ամենայն սառնասրտությամբ սպասում էր թշնամուն, սպասում էր, որ նա բավական մոտենա։ Նրա արագավազ լրտեսները տարածվել էին դեպի ամեն կողմ, դիտում էին թշնամու շարժումը, և իսկույն լուրեր էին բերում։

Նրա սուր ուշադրությունից չվրիպեցավ, որ Սամվելը ճեղքեց պարսից բանակի այն ծայրը, որ կողմում գտնվում էր գերիների քարավանը։ Դա առանց նպատակի չէր։ Նա հասկացավ, և իսկույն կարգադրեց, որ զինվորները ամուր շղթայով շրջապատեն գերիներին, որպեսզի նրանք թշնամու հետ հաղորդակցություն չունենան։ Բայց շրջապատող շղթայի մեջ մնաց մի մարդ, որ դանդաղ քայլերով դեգերում էր քարավանի մեջ, և երբեմն գաղտագողի կերպով ակնարկություններ էր անում գերիներին։ Ծանոթ աչքը կարող էր այդ ծպտյալ անձնավորության մեջ ճանաչել Սամվելի հայտնի փայակին՝ Մալխասին։

Կռիվը, բոլորից առաջ, սկսվեցավ դեպի Արտաշատ տանող ճանապարհի կողմից, ուր մանր բլրակների ետևում թաքնված էին սասունցիք։ Պարսից զինվորներին առաջնորդում էր Հայր-Մարդպետը։ Նրա ամեհի նժույգը դողում էր, ծալվում էր յուր վիթխարի