Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/517

Այս էջը սրբագրված է

կանանոցի կնամարդին, միևնույն ժամանակ, և՛ քաջ մարտիկ է։

Կռիվը սկսվեցավ երկու կողմի զորքերի մեջ։ Պարսից սպարակիրները զարմանալի հարձակումներ էին գործում։ Սասունցիք իրանց երկար աղեղներով թափում էին նետերի ամբողջ տարափ։ Լեռնցին, բնության քաջությունը, մարտնչում էր կրթված, կանոնավորված արիության հետ։ Օդը Լցված էր թանձր փոշիով։ Զենքերի և զրահների բախումն ու շառաչյունը խլացնում էին ամեն ձայն։ Արյունը հոսում էր ջերմ վտակներով...

Մինչ այստեղ կռիվը յուր սարսափելի գործողության մեջն էր, բանակի մյուս կողմում, իրանց Գարեգին նահապետի առաջնորդությամբ, մարտնչում էին ռշտունցիք։ Պարսից զորքերին կառավարում էր Կարեն զորապետը։

Այդ միջոցին, Մերուժանը, շրջապատված յուր թիկնապահներով ու համհարզներով, մի արագաշարժ ճախարակի նման, անդադար սլանում էր երբեմն այս, երբեմն այն կողմը, դիտելու կռվի ընթացքը։ Դեպի ո՛ր կողմը և գնում էր նա, կարծես յուր հետ տանում էր արհավիրք և սոսկում։ Պարսից զինվորները, նրա ներկայությամբ ոգևորվելով, հրաշքներ էին գործում։

Նա նկատեց, որ Կարեն զորապետի կողմը փոքր առ փոքր նահանջվում էր, և ռշտունցիք արդեն սկսել էին հաղթական աղաղակներ բարձրացնել։ Իսկույն սպիտակ նժույգը քշեց դեպի այն կողմը և մտավ նետերի փոթորկի մեջ։ Մեծ եղավ նրա թե՛ զարմանքը և թե՛ վրդովմունքը, երբ հեռվից տեսավ ծերունի Արբակին, որ նիզակը ձեռին, բոլորովին առույգ երիտասարդի նման, մաքառում էր մի պարսիկ սպայի հետ։ Նա դարձավ դեպի Կարեն զորապետը, ասելով.

— Տեսնո՞ւմ ես, Կարեն, քո սպանած ծերունի Արբակը այժմ հարություն է առել։

Կարենը ամոթից շփոթվեցավ, պապանձվեցավ։ Մերուժանը հիշեցրեց նրա առավոտվան հայտնած ստախոսությունը, որով պարծենում էր, թե ինքը «Իշխանաց կղզում» սպանեց ծերունի Արբակին։

— Կալանավորեցեք այդ խաբեբային,— հրամայեց նա։ — Արյաց արքայից արքայի զորապետին՝ ո՛րքան ներելի չէ երկչոտ լինել, ա՛յնքան ավելի ներելի չէ ստախոս լինել։

Հրամանը իսկույն կատարվեցավ։

Մերուժանի հայտնվիլը նոր ուժ և նոր ոգի ներշնչեց պարսից