Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/518

Այս էջը սրբագրված է

զինվորներին, որոնք աներևակայելի քաջությամբ սկսեցին հետ մղել կատաղի թշնամուն։

Այդ միջոցին Մերուժանի և Գարեգին նահապետի ոխերիմ աչքերը հանդիպեցին միմյանց։

— Մերուժան,— ձայն տվեց Գարեգին նահապետը,— այդ երկրորդ անգամն է, որ մեր աշխարհի դժբախտ հանգամանքները մեզ ընդհարում են միմյանց հետ։ Մի անգամ Վան քաղաքում, իսկ այժմ Նախճվանի ավերակների մոտ։ Այն ժամանակ դու առողջ էիր։ Սպանել տվեցիր իմ կնոջը, և փախար իմ ձեռքից։ Այժմ հիվանդ ես, չգիտեմ՝ ինչպես պիտի վարվես ինձ հետ։

— Իսկույն կտեսնես,— պատասխանեց Մերուժանը արհամարհանքով։— Այլևս հարցնելու պետք չկա։

Վերջին խոսքերի հետ՝ նետվեցավ նա Ռշտունյաց նահապետի վրա, որը մի շարժում անգամ չգործեց, ասելով.

— Ես հրաժարվում եմ։ Կռվել հիվանդի հետ՝ միևնույն է, որպես կռվելը դիակի հետ, որքան և արյունապարտ լիներ նա ինձ։

Մերուժանը սաստիկ զայրացավ։

— Ո՛վ Ռշտունյաց տեր,— գոչեց նա,— քո մեծահոգությունը ավելի վիրավորական է, քան թե քո նիզակի հարվածը, եթե քեզ հաջողվելու լիներ վայելել այդ փառքը։ Այո՛, ճշմարիտ է, իմ հրամանով սպանվեցավ քո կինը, և սրբազան վրեժխնդրությունը պարտք է դնում քեզ վրա՝ պահանջել ինձանից քո կնոջ արյունը։ Եվ հենց այդ իսկ պատճառով, դու պետք է չհրաժարվես ինձ հետ կռվելուց։

Նա կրկին հարձակում գործեց։ Բայց մեջ մտան պարսից զինվորները, գոռալով.

— Մեր արյունը թո՛ղ սահման դնե քո և Ռշտունյաց նահապետի մեջ։ Կռիվը այժմ մեզ է պատկանում։

Մերուժանը հետ քաշվեցավ։

Կրկին սկսվեցավ կռիվը երկու կողմի զինվորների մեջ, կրկին լսելի եղավ զենքերի մահաբեր բաբախմունքը։ Ոմանք նիզակներով, ոմանք սուսերամերկ, խողխողում էին միմյանց, Ռշտունյաց լեռնաբնակները պաշտպանվում էին թեթև, քեմխտապատ վահաններով։ Իսկ պարսիկները՝ իրանց ծանր, երկաթապատ ասպարներով։

Մերուժանը, կարգելով Կարեն զորապետի փոխարեն յուր քաք համհարզներից մեկին, և թողնելով կռիվը յուր սոսկալի բորբոքման