Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/519

Այս էջը սրբագրված է

մեջ, ինքը դիմեց դեպի Նախճվանի ավերակների կողմը, ուր՝ մի բլրաձև բարձրավանդակի վրա՝ գտնվում էր նրա մայրը։ Նրան հետևում էին մի քանի գունդ լավ զինված ձիավորներ։ Թանձր փոշին, մոխրագույն ամպերի նման, պատել էր այն ճանապարհը, որտեղից անցնում էր նրա ահարկու հեծելազորը։ Նա առաջ էր շարժվում ամենայն փութով, առանց կանգ առնելու, և առանց մի տեղ հանգստանալու։

Գուրգենը, Վասպուրականի տիկնոջ ծերունի զորապետը, հեռվից նկատեց Մերուժանի արագընթաց արշավանքը դեպի իրանց բռնած դիրքը, և իսկույն շտապեց տիկնոջ մոտ։ Զարմացական ժպիտը երեսին, ալևոր գլուխը շարժելով, ասաց նա.

— Տեսնո՞ւմ ես, տիկին, ես չսխալվեցա։ Ահա Մերուժանը գալիս է դեպի մեզ։ Գալիս է՝ մոր և յուր սեփական հպատակների հետ կռվելու։ Եթե նրան հաջողվի հաղթություն տանել, անտարակույս, կտանե և քեզ, տիկին։

— Ո՞ւր կտանե,— հարցրեց տառապյալ կինը վշտալի ձայնով։

— Պարսկաստան։ Այնտեղ, ուր այժմ Անուշ բերդի մթին նկուղների մեջ հեծում է հայոց թագավորը։ Այնտեղ, ուր աքսորվեցավ հայոց թագուհին։ Կտանե նրանց մոտ...

— Միթե այդ աստիճան անգութ կլինի՞ նա։

— Նրա անգթությունը սահման չունի, որպես և սահման չունի նրա մեծամտությունը։

Մայրական գութը և անագորույն որդու պատճառած վիշտը փոփոխակի կերպով սկսեցին ալեկոծել դժբախտ կնոջ սիրտը։ Արտասուքը աչքերում դարձավ նա դեպի ծերունի զորապիտը ասելով.

— Թո՛ղ օրհնյալ լինի աստուծո կամքը։ Ինչ որ տնօրինել է նա, չէ կարող փոխել անզոր մահկանացուն։ Թո՛ղ գա ապերախտը։ Կռվեցեք նրա զորքերի հետ, բայց յուր վրա բնավ զենք չբարձրացնեք։

Տհաճության մռայլը անցավ ծերունի զորապետի խորշոմած դեմքի վրա, և նրա խորիմաստ աչքերը վառվեցան սրտմտության բոցով։ Բայց զսպելով յուր հուզմունքը, բավական մեղմ կերպով նկատեց.

— Մենք չէինք ցանկանա, տիկին, տիրասպան լինել, եթե նա սպանած չլիներ ամեն ինչ, որ սուրբ է մեր ամենիս համար