Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/52

Այս էջը սրբագրված է

հանդեսում հայոց մեծ քահանայապետ Վրթանեսը, Լուսավորչի որդին, յուր ճառի մեջ այդ խոսքերով մխիթարեց ժողովրդին.

«Մխիթարվեցե՛ք Քրիստոսով, դա մեռավ, բայց յուր մահ֊ վամբ անմահացավ: Որովհետև դա յուր անձը զոհեց մեր աշխարհի, մեր եկեղեցիների և մեր աստվածագործ կրոնի համար։ Դա մեռավ, որպեսզի մեր աշխարհը, գերի դառնալով, չքանդվի, որպեսզի սուրբ եկեղեցիների կարգը չխանգարվի և մեր տաճարների սրբությունները անօրենների ձեռքը չընկնեն։ Եթե մեր թշնամիները տիրելու լինեին մեր աշխարհին, անշուշտ իրանց անաստված կրոնը կհաստատեին այստեղ։ Իսկ այդ բարեպաշտ նահատակը դրա համար պատերազմեց, որ չարությունը հալածե, հեռացնե մեր աշխարհից, և դրա համար ևս մեռավ, որ մեր աստվածասեր երկրում անօրենությունը մուտք չգործե։ Քանի որ կենդանի. էր դա, միշտ արդար վաստակով պատերազմեց, իսկ յուր մեռնելու ժամանակ` յուր անձը զոհեց տերի ճշմարտության համար և նրա հոտի փրկության համար։ Նա՛, որ յուր հայրենիքի, յուր եղբայրների և յուր սուրբ եկեղեցու համար յուր անձը չխնայեց, նա՛, կրկնում եմ, դասակից կլինի Հիսուս Քրիստոսի նահատակների հետ։ Արդ, լաց չլինենք այդ մեծ կորուստով, այլ հարգենք հանգուցյալի անձնահոզությունը, օրենք դնելով մեր աշխարհում, որ դրա քաջության հիշատակը, հավիտենից հավիտյան, Քրիստոսի սուրբ նահատակների հետ, անխափան տոնվի մեր եկեղեցիներում»։

Վերջացնելով այդ ճառը, որ Մամիկոնյանները անգիր գիտեին, որ նրանց ուխտի ավանդական հանգանակն էր, Մուշեղը ավելացրեց.

— Հայոց եկեղեցին յուր սուրբ սեղանի վրա, պատարագի ժամանակ, յուր նահատակների թվում հիշում է և մեր պապին, բայց այսուհետև նույն եկեղեցին անեծք կկարդա նրա անարժան թոռան վրա...

— Եվ դա իմ հա՜յրն է...— գոչեց Սամվելը ողբալի ձայնով:

Մուշեղը պատասխանեց.

— Հայրենիքի թշնամին, հայրենիքի դավաճանը ոչ քո հայրը կարող է համարվել, և ոչ իմ հորեղբայրը։ Այսուհետև նա մեզ համար օտար է և ավելի օտար, քան թե մի պարսիկ։ Համաձա՞յն ես, Սամվել։

— Բոլորովին։

— Տո՛ւր ինձ ձեռքդ։