Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/520

Այս էջը սրբագրված է

Բայց մարտնչում է մեր գոյության դեմ, մեր կրոնի դեմ և մեր պետության դեմ։

Տիկինը պատասխանեց.

— Քրիստոնեական առաքինությունը պարտք է դնում մեր վրա, Գուրգեն, շա՛տ և շա՛տ անգամ ներել մոլորյալին։

Ծերունի զորապետը դժկամությամբ լռեց։

Այնտեղ կանգնած էր պատանի Արտավազը և խորին վրդովմունքով լսում էր տիկնոջ պատվերները։ Նա չհամբերեց, ասելով.

— Իսկ ես նետեր կարձակեմ նրա վրա։ Եվ այժմ գիտեմ, թե ո՛րպես կարձակեմ...

Փոքր էր մնում, որ նա խոստովանվեր յուր առաջվա սխալը, որ կատարվեցավ «Իշխանաց կղզում», երբ տակավին ծանոթ չէր Մերուժանի գաղտնի զրահավորության մասին։

Տիկինը տխրությամբ նայեց զայրացած պատանու վրա և ոչինչ չասաց։ Նրա մանուկ սրտում եռ էր գալիս մանուկ Հայաստանի վրեժխնդրության ոգին։

Մերուժանը չուր ձիավորների բազմությամբ արդեն մոտ էր այն բարձրավանդակի ստորոտին, որի վրա գտնվում էր նրա մայրը։ Նա մի արագ պտույտ տվեց, անցավ դեպի այն կողմը, որտեղից միակ զառիվեր ուղին տանում էր դեպի մոր գտնված տեղը:

Ծերունի Գուրգենը, թողնելով տիկնոջ մոտ մի խումբ թիկնապահներ, առեց յուր հետ մնացյալ վասպուրականցիներին և շտապով դիմեց դեպի թշնամին։ Կռիվը տեղի ունեցավ Մերուժանի ձեռքով հրդեհված Նախճվանի ավերակների մոտ։ Վասպուրականցիք, մի քանի րոպեում, նրա կործանած քաղաքի քարերից՝ կանգնեցրին նրա դեմ մի ամուր պատնեշ։ Թաքնվեցան պատնեշի ետևում, սկսեցին նետեր արձակե: Ոմանք պարսետներով նետում էին քարեր։ Նրա ավերակ դարձրած քաղաքի բեկորները նետում էին դեպի նրա գլուխը։ Մերուժանը, արհամարհելով այդ բոլորը, յուր ձիավորների խուռն բազմությամբ առաջ էր ընթանում: Նրա ձիավորները զինված էին նիզակներով և սրերով միայն։ Իբրև պատսպարան, կրում էին և ասպարներ։ Պետք էր շատ մոտ տարածություն, որպեսզի նրանք գործ դնեին իրանց զենքերը։ Այդ պատճառով աշխատում էին մերձենալ։ Բայց վասպուրականցիք ա՛յն աստիճան կատաղած էիՆ, որ ո՛չ միայն ամեն կողմից գանակոծում էին