Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/521

Այս էջը սրբագրված է

ձիավորներին, այլ, մոռանալով իրանց տիկնոջ պատվերը, չէին խնայում և նրա որդուն։

Նիզակն ու սուրը, նետն ու տապարը շատ կարելի է մինչև անգամ չազդեին Մերուժանի ամրակուռ, պղնձապատ մարմնի վրա։ Նա խիստ վարպետությամբ զրահավորիլ գիտեր։ Բայց հազարավոր պարսետներով արձակած բարերը, որ ռումբերի նման տեղում էին նրա վրա, կարող էին մի քանի րոպեում, բոլորովին քարկոծել նրան և ծածկել խճերի կույտի ներքո։ Այսուամենայնիվ հրամայեց յուր ձիավորներին՝ պատռել պատնեշը և առաջ անցնել:

Ձիավորները աներկյուղ հարձակմամբ գրոհ տվին պատնեշի վրա, սկսեցին մի կողմից քանդել, մյուս կողմից կռվել։ Ինքը Մերուժանը նետվեցավ կռվի փոթորկի մեջ։ Այդ միջոցին մի քար դիպավ նրա ձիու ճակատին։ Զին ցնցվեցավ, դողդողաց, և ուշաթափ լինելով, ցած գլորվեցավ։ Նա ընկավ այն կողքի վրա, որ կողմումն էր Մերուժանի վիրավոր ոտքը։ Յուր խռովության մեջ, Մերուժանը ամենևին չզգաց, թե ի՜նչ կատարվեցավ յուր վերքի հետ։ Փաթոթը թուլացավ, և վերքը սաստիկ շփվելով գետնին, արյունը սկսեց հոսիլ...

Մայրը հեռվից նկատեց որդու ընկնիլը։ Ամբողջ աշխարհը մթնեց նրա աչքերի առջև։ Ողբալի աղաղակներով ցած իջավ յուր գահավորակից, և կուրծքը կոծելով, սկսեց վազել դեպի որդին։ «Անողո՜րմ... անգո՜ւթ մարդիկ...») — ճիչ էր արձակում նա, և դողդոջուն քայլերով շարունակում էր վազել։ Նրան մեծ դժվարությամբ կարողացան պահել, հասկացնելով, թե ձին է ընկել և ոչ որդին։

Մայրը հանգստացավ, երբ տեսավ, որ ձին, հուշի գալով, կրկին վեր բարձրացավ, և Մերուժանը դարձյալ նստեց նրա վրա։

Բայց արյունը նրա վերքից մեղմ հոսանքով գնում էր և, թամբից իջնելով, ճերմակ ձիու ճերմակ փորի վրա արդեն գծել էր մի քանի բարակ, ոլորուն վտակներ։ Թիկնապահներից մեկը նկատեց այդ, բայց կարծելով, թե ձին ընկնելու միջոցին ինքը վիրավորվեցավ, այդ պատճառով ոչինչ չհայտնեց։

Մերուժանը կանգնելուց հետո, կռիվը ավելի սաստկացավ: Նրա ձիավորները արդեն պատառել էին պատնեշի մի մասը և անցել էին մյուս կողմը։ Վասպուրականցիք ետ էին քաշվել, դեռ շարունակում էին հեռվից քարեր ու նետեր արձակել։ Այդ միջոցին