Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/526

Այս էջը սրբագրված է

— Ինչպե՞ս վերջացավ կռիվը։

— Թշնամիները հաղթեցին։

— Հաղթեցի՞ն,—բացականչեց նա և կրկին փորձեց բարձրացնել ծանրացած գլուխը։

— Այո՛, հաղթեցին,— կրկնեց Սամվելը։

Բոթաբեր լուրը այն աստիճան ուժգին հարվածով ցնցեց նրա մռայլված ուղեղը, որ նա բոլորովին սթափվեցավ։ Մի քանի վայրկյան տիրեց նրան մի տեսակ խորհրդավոր լռություն, — հուսաբեկ սրտի և հոգեկան մաքառման դա՜ռն լռությունը։ Բաց արեց պղտոր աչքերը, բայց ոչինչ տեսնել չկարողացավ։

— Ես Մերուժանն եմ,— վերջապես ասաց նա նվաղած ձայնով։ — Ամեն ինչ վերջացած է ինձ համար․․․ Ցանկանում եմ մեռնել, բայց մահը փախչում է ինձանից․․․ Փորձում եմ սպանել ինձ, բայց չեմ կարողանում․․․ Եթե դու իմ լա՛վ զինվորներից մեկն ես, եթե դու սիրում ես քո հրամանատարին, կատարի՛ր այդ վերջին ծառայությունը, մերկացրո՛ւ սուրդ և հանգստացրու ինձ․․․ Մա՜հ եմ ցանկանում, և թո՛ղ իմ սիրելի զինվորի ձեռքից ստանամ նրան և ոչ իմ թշնամիների․․․

Նա լռեց, և մի քանի րոպեից հետո կրկին ընկավ տենդային զառանցումների մեջ։

Սամվելը մոտեցավ, և ջահի լուսավորության առջև հետազոտելով թուլացած մարմինը, նկատեց, որ արյունը հոսում էր իրան հայտնի վերքից, որ ստացել էր նա «Իշխանաց կղզում» պատանի Արտավազդի նետից։ Իսկույն պինդ կերպով կապեց վերքը և, դառնալով դեպի յուր մարդիկը, հարցրեց․

— Գինի մնացե՞լ է ձեզ մոտ։

— Իմ տկի մեջ փոքր-ինչ մնացել է,— ասաց պատանի Հուսիկը։

— Մոտ բե'ր։

Պատանին մոտեցրեց փոքրիկ տիկը, որ քարշ էր ընկած նրա ուսից, և որով կռվի ժամանակ շիջուցանում էր յուր իշխանի ծարավը։ Սամվելը տիկը առեց նրա ձեռքից, սկսեց գինին փոքր առ փոքր ծորել մահամերձ վիրավորի բերանը։ Հետո դարձավ դեպի յուր մարդիկը, հրամայելով․

— Ցած իջեք ձիերից և ձեր վահանները դնելով վիրավորի վրա, պահպանեցեք դրան։ Ոչ ոք չհամարձակվի մոտենալ, մինչև ես կվերադառնամ։

Պատվերը իսկույն կատարեցին։

526