Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/529

Այս էջը սրբագրված է

տիկին Տաճատուհին, որ այժմ միանգամայն նրա տերն ու թագուհին էր։

Նա այս առավոտ միայնակ շրջում էր ամրոցի մեծ դահլիճում, ուշադրությամբ զննում էր յուրաքանչյուր առարկան, յուրաքանչյուր մանրամասնությունը, տեսնելու, արդյոք ամեն ինչ յուր տեղո՞ւմն էր, արդյոք ամեն ինչ կա՞ր, թե մի բան պակաս էր։ Նրա ամբողջ հագուստը փայլում էր ոսկու և գոհարների մեջ։ Փայլում էր և նրա սիրուն դեմքը։ Մերուժանի մեծամիտ քույրը, Մերուժանի գեղեցկությունն ուներ, բայց զուրկ էր եղբոր դեմքի վսեմ արտահայտությունից։

Դահլիճը, տոնի պատշաճին համեմատ, շքեղ կերպով զարդարված էր։ Հատակը պատած էր ամենաթանկազին գորգերով ու օթոցներով։ Պատերը ծածկված էին ամենանուրբ դիպակներով և մետաքսյա գույնզգույն կերպասներով։ Լուսամուտներում, հախճապակյա գեղեցիկ թաղարների մեջ դրված էին նոր բացված ծաղիկներ և զանազան մշտականաչ բույսեր։ Ջրի, գինու, օշարակների անոթներն անգամ, որ շարված էին սեղանի վրա, պատած էին հրաշաչի կանաչազարդությամբ։ Ամեն կողմում կանաչ, ամեն կողմում դալարիք, ամեն կողմում ժպտում էին ծաղիկները — նորեկ գարնան բերած պարգևները։ Ամբողջ դահլիճը սրսկած էր անուշահոտ վարդաջրով և բուրում էր ախորժելի հոտավետությամբ։

Նոր տարին քաղցրացնելու համար պատրաստված էին զանազան տեսակ նուրբ քաղցրավենիներ, որ համեմած էին արևելյան անուշահոտ համեմներով։ Տեղային պտուղներից, ընդարձակ, նախշուն խաներով, դրված էին սեղանի վրա յոթն տեսակ չոր մրգեղեններ, որ խառնել էին միմյանց հետ։

Թեև այդ տոնը հայոց համար բոլորովին խորթ էր և նորամուտ, բայց Սամվելի մայրը՝ տոնի թագուհին ա՛յնքան շնորհք և ճաշակ ուներ, որ կարողացել էր բավական վայելուչ ձև տալ նրան։ Այդ էր պատճառը, որ շատերը պատրաստվել էին մասնակցել, եթե ոչ համակրելով, այլ ավելի տեսնելու բաղձանքով։ Բայց կային և այնպիսիները, որոնց թիվը փոքր չէր, որ պատրաստվել էին մասնակցել ամենայն սիրով և հաճությամբ։ Հեթանոսական հին սովորությունների և հին պաշտամունքների խորին հետքերը դեռ ոչ իսպառ ջնջված էին քրիստոնյա Հայաստանից, Իսկ ոմանք ստիպված էհն մասնակցել, երկյուղ կրելով տիկնոջ