Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/531

Այս էջը սրբագրված է

արդեն հողը պատրաստած էր համարում և սերմը ցանած էր համարում, սպասում էր ցանկալի հունձքին։ Եվ որքա՜ն պիտի սիրեր իրան ամուսինը, երբ յուր տանը վերադառնալու ժամանակ՝ ամեն ինչ պատրաստ կգտներ։

Բայց ի՞նչն էր դրդում այդ փառասեր կնոջը՝ նետվիլ կրոնական խնդիրների մեջ, որ ավելի մեծ հանճարների գորձն էր։ Իսկապես, ոչինչ։ Եվ եթե նրա ամուսինը և եղբայրը զանազան քաղաքական նպատակներով էին առաջ տանում իրանց ապօրինի եռնարկությունները, նա, ընդհակառակն, նրանց նկրտումներն անգամ չուներ։ Նա չուներ նաև կրոնական հաստատ համոզմունքներ։ Բայց իբրև կին և նորասեր կին, նա ուներ մի բան։ Նա ազնվական էր, այդ բառի բուն նշանակությամբ։ Նրա համար ինչ որ վերևից էր գալիս, ինչ որ վերևումն էր կատարվում, — բոլորը լավ էր։ Պարսից արքայական գերդաստանի հետ խնամության կապեր ունենալով, նա շատ անգամ առիթ էր ունեցել պարսից արքունիքում լինելու և ծանոթ էր Շապուհի ընտանիքի հետ։ Արքունիքը հիացրել էր նրան։ Եվ որպես Շապուհի կանանց հագուստն ու զարդերը նրան դուր էին գալիս, նույնպես և դուր էր գալիս իրան Շապուհի պաշտած կրոնը։ Աշխատում էր նմանվիլ։ Աշխատում էր, որ յուր զավակները նույն լեզվով խոսեին, որով խոսում էին արքունիքում, աշխատում էր, որ նրանք նույն բարձր կրթությունն ստանային, որ վայել էր արքունիքին։ Ինչ որ ազգային էր, և ինչ հայկական էր, նրան խիստ սոսկական էր թվում և, մինչև անգամ, ամոթալի։ Ինչո՞ւ միշտ կարմրել պարսիկների մոտ, ինչո՞ւ միշտ պակաս մնալ,— այդ մտքերը վրդովեցնում էին նրան։

Նա մոտեցավ լուսամուտին, նայեց արեգակին։ «Ինչո՞ւ այդքան ուշանում են... ի՞նչ է նշանակում այդ...» մտածեց ինքն իրան, և նրա անհամբեր դեմքի վրա երևացին բարկության նշմարներ։ Միթե յուր բոլոր պատրաստությունները պետք է ապարդյո՞ւն մնային։

Սպասավորները մեկ-մեկ ներս էին մտնում ու դուրս էին գնում, զանազան իրեղեններ բերելով ու տանելով։ Ներս մտավ և ներքինապետը, հաճոյամոլ Բագոսը, յուր լերկ ու լպիրշ դեմքով։

Թեև Բագոսը վայելում էր յուր տիկնոջ խորին հավատարմությունը, բայց դարձյալ տիկինը յուր արժանապատվությունից ստոր համարեց հայտնել նրան, թե կասկած ունի, մի գուցե տոնախմբությունը այն շքեղությամբ չկատարվի, որքան ցանկալի կլիներ։ Բայց խորամանկ ներքինին ա՛յն աստիճան