Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/532

Այս էջը սրբագրված է

րած էր յուր տիկնոջ բնավորությունր, որ հենց նրա երեսին նայելով, հասկացավ, թե ի՛նչն է աղմկում նրա փառասեր սիրտը, և կեղծ ժպիտը երեսին ասաց.

— Մի քանի իրեղեններ պետք է դուրս տանել, տիկին։

— Ինչո՞ւ։

— Որովհետև տեղ չի չինի բոլոր այցելուների համար։

— Այդ ահագին դահլիճո՞ւմ։

— Բшյց այցելուների բազմությունն էլ ահագին կլինի։

Տիկինը ուրախացավ։ Բայց թաքցնելով յուր ուրախությունը, դարձավ դեպի ներքինապետը, փոքր֊ինչ զայրացած ձևանալով․

— Պետք է կարգի ու կանոնի սովորեն, Բագոս։ Հարկավոր չէ, որ ամեն մի այցելու մնա դահլիճում և ավելորդ տեղ բռնե։ Նրանք կգան, ընդունված բարեմաղթությունները կանեն, և իմ օրհնությունը առնելով, դուրս կգան կից սենյակը, այնտեղ կսպասեն։ Երբ կվերջանա ընդունելությունը, այնուհետև ինձ հետ միասին կգնան ատրուշանը, երկրպագություն տալու սրբազան կրակին և ներկա գտնվելու հանդիսավոր զոհաբերության արարողությանը։— Հասկացա՞ր։ Գնա, ասա տաճարապետին, նա այդ կարգերը լավ գիտե, թո՛ղ այնպես կարգադրե բոլոր ծեսերը, որ ամեն ինչ ըստ պատշաճի կատարվի և վայելուչ։

Ներքինապետը գլուխ տվեց և անվերջ ժպիտը երեսին հեռացավ։

Տիկինը մնաց միայնակ։ Այժմ նա հանգիստ էր, այժմ լիապես հույս ուներ, որ տոնախմբությունը փառավոր հաջողություն կդտնե։

Քառորդ ժամ չանցավ, երբ սենեկապետներից մեկը ներս մտավ, հայտնելով, թե ավագանին և աստիճանավորները խնդրում են ներկայանալ։

Նա անցավ դահլիճի վերին կողմը, նստեց թանկագին գահավորակի վրա։ Այդ միջոցին պալատական բարձր դրանիկները կարգով շարվեցան նրա բազմոցի շուրջը։ Ամենքը զարդարված էին տոնական հագուստներով, ամենքը զրահավորված էին ոսկեզարդ զենքերով։

Ներս մտան աստիճանավորները և ամբողջ ավագանին։ Նրանք խորին կերպով գլուխ տվին և լուռ կանգնած մնացին դահլիճի պատերի մոտ։ Տիկինը մի առանձին հաճությամբ դարձավ դեպի այցելուները այդ խոսքերով.