Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/533

Այս էջը սրբագրված է

— Փա՜ռք և գոհությո՜ւն պայծառ Արամազդին, որ ինձ պարգևեց երջանիկներից ամենաերջանիկը լինելու վիճակը, և ես բախտ ունեմ, ո՛վ սիրելի ավագներ, ձեզ հետ միասին տոնելու այն մեծահանդես օրը, որ տոնում է ամբողջ տիեզերքը։ Թռչունն ու անասունը, վայրի խոտն ու ծաղիկը և անտառի հսկա եղևինը այսօր ուրախ են, որովհետև նորեկ գարունը բերել է նրանց համար նոր տարի և նոր կյանք։ Մարդը նույնպես պետք է յուր խնդակցությունը խառնե բնության ընդհանուր հրճվանքի հետ։ Անցավ ձմեռը յուր մահաբեր սառնամանիքներով, անցավ մռայլի ու մառախուղի թագավորությունը։ Ծագեց մեզ նոր օր յուր լուսապայծառ ջերմությամբ։ Իջավ երկնքից սրբազան հուրը և յուր կենսագործող զորությամբ շունչ պարգևեց սառած տիեզերքին։ Մեռած գետինը ում է ստանում, քնած ծառերը զարթնում են։ Ամենուրեք շնչում է աստուծո հոգին, ամենուրեք հարություն է առնում մահացած կյանքը։ Բնության ընդհանուր գործունեության հետ՝ սկսվում են և մարդու աշխատությունները։ Հերկավարը յուր արորը տանում է դաշտը, այգեգործը սկսում է բրել խոնավ երկիրը։ Կանաչազարդ արոտների վրա սփռվում են հովվի ոչխարները։ Աշխատանքը սկսում է եռ գալ որպես եռ է գալիս ներշնչված, ոգևորված գետինը։ Ո՛չ միայն անհրաժեշտ է, ո՛վ սիրելի ավագներ, այլ մարդու սրբազան պարտքն է, որպես բոլոր արարածներից ավելի ուշիմագույնին և որպես բոլոր արարածներից ավելի առատությամբ վայելողին բնության պարգևները, որ նա՝, նախքան յուր աշխատությունները սկսելը, յուր գոհությունը մատուցանե այդ բոլոր բարիքները իրան պարգևողին։ Այդ իսկ նպատակով մեր արժանահիշատակ նախնիքը սահմանել էին գարնանամուտի տոնախմբությունը։ Բայց մենք, մեր նախնյաց ապաշնորհ հետևողներս, դադարեցինք կատարել։ Վերանորոգենք արդարն ու ճշմարիտը, վերադառնանք բնականին, ով սիրելի ավադներ։ Ահա՛ այնտեղ, անշեջ ատրուշանի մեջ, վառվում է աստվածային հուրը,— ամբողջ տիեզերքին կյանք և ջերմություն պարգևող արարչագործ զորությունը։ Գնանք և հանդիսավոր զոհաբերությամբ՝ մեր սերն ու զոհությունը մատուցանենք այն զորությանը, որ անհասանելի և անքննելի աստուծո սրբազնագույն օրինակն է մեր երկրի վրա, և թո՛ղ օրհնյալ լինի նրա փառքն ու պատիվը։

Տիկնոջ ճառը այն աստիճան խորին տպավորություն գործեց հանդիսականների վրա, որ ամենքը միաձայն կրկնեցին։ «Եվ թո՛ղ օրհնյալ լինի նրա փառքն ու պատիվը»։