Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/535

Այս էջը սրբագրված է

քաղցրությունը, դուրս էին գալիս կից սենյակը, ուր պիտի սպասեին՝ ներկա գտնվելու հանդիսավոր զոհաբերությանը։ Կից սենյակում ևս հյուրերի համար ամեն տեսակ մեծարանք պակաս չէր։ Այստեղ նրանք ավելի ազատ, ավելի հոգեզվարթ կերպով անձնատուր էին լինում իրանց բավականություններին։ Խոսում էին, ծիծաղում էին, և յուրաքանչյուրը լի գոհունակությամբ արտահայտում էր յուր ուրախությունը։

Տղամարդերի ընդունելությունը վերջանալուց հետո սկսվեցող կանանց ընդունելությունը։ Այդ վերջինների թիվը այնքան շատ չէր։ Ներկայացան միայն ամրոցում ծառայող կանայքը և մի քանի աստիճանավորների տիկիններ։

Կրակի սրբարանում արդեն սկսվել էր պաշտոնակատարությունը:

Ամրոցի այն կողմում, ուր վաղեմի ժամանակներից կանգնած էր Մամիկոնյանների տոհմային եկեղեցին, ուր մի շարք խուցերում բնակվում էր Դրան երեցը յուր պաշտոնյաների հետ, և կերակրվում էին իշխանական սեղանից,— այժմ նույն եկեղեցու տեղում շինված էր մի պարսկական ատրուշան: Սամվելի մայրը քանդել տվեց եկեղեցին և նրա տեղում հիմնեց ատրուշանը։ քրիստոնեական կրոնավորների խուցերում այժմ բնակվում էր Դրան մոգպետը յուր մոգերով։

Բարձր, սյունազարդ տաճարի մեջտեղում, մարմարիոնյա քառակուսի սեղանի վրա, վառվում էր որմզդական սուրբ հուրը և յուր անշեջ բոցերը տարածում էր մինչև տաճարի ընդարձակ կամարները։ Մոգերը, զգեստավորված ճերմակ հագուստներով և օծված անուշահոտ յուղերով, հնչեցնում էին ձեռքներին բռնած փոքրիկ զանգակները, և երգելով թափոր էին կատարում կրակի շուրջը։ Բազմությունը, ծունր դրած տաճարի կամարների ներքո, լսում էր, և երկյուղածությամբ երկրպագություն էր տալիս։

Տաճարի մոտ պահած էին հարյուր հատ առողջ ու անբիծ խոյեր, սպիտակ, ձյունափայլ գեղմով և ոսկեզօծ եղջյուրներով, որ պիտի հազեին։

Այն օր բոլոր հանդիսականները պետք է ուտեին սուրբ տաճարի սեղանից, ճաշակելով զոհված միս։

Երբ սկսվեցավ հազման արարողությունը, հայտնվեցավ Մամիկոնյան տիկինը, շրջապատված յուր դրանիկների վայելչակազմ բազմությամբ։ Հանդիսավոր կերպով մերձեցավ սուրբ տաճարի սյամին, և խորին ջերմեռանդությամբ ներս մտնելով, նախ երկրպագություն