Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/536

Այս էջը սրբագրված է

երկրպագություն տվեց կրակին, և ապա երեք անգամ պտույտվեցավ սեղանի շուրջը։

Այդ միջոցին բազմության մեջ անցավ մի շշուկ, մի հանկարծակի իրարանցում, որ վերջը աղմկեցավ ուրախաձայն բացականչություններով։ Բոլորի զարմացած աչքերը դարձան դեպի այն կողմը, ուր բացվում էին ամրոցի գլխավոր դռները։

Անհամբեր քայլերով ընթանում էր մի բարձրահասակ երիտասարդ, իսկ նրա ետևից՝ մի ստվար խումբ զինված մարզիկներ։

«Սամվե՜լ»... անունը հնչվեցավ հազարավոր բերաններում, և բազմությունը մի կողմ քաշվելով ճանապարհ տվեց։

Երիտասարդը մոտեցավ տաճարին։

«Սամվե՜լ»...— կրկնեց նաև մայրը, և տաճարից դուրս վազելով, գրկեց որդուն։

Հանդիպումը խիստ սրտաշարժ էր և, միևնույն ժամանակ, խիստ եղերական։

— Ա՜խ, ո՛րքան ուրախ եմ ես, ո՛րքան երջանիկ եմ ես, սիրելի Սամվել,— ասում էր կարոտյալ մայրը, բաց չթողնելով որդուն յուր գրկից,— որ դու ժամանում ես քո հայրական ամրոցը մի այնպիսի բախտավոր րոպեում, երբ քո մայրը կատարում է գարնանամուտի մեծահանդես տոնախմբությունը։ Քո ներկայությունը, սիրելի Սամվել, մի նոր փայլ, մի նոր շուք կտա այդ տոնախմբությանը։

Անսպասելի տեսարանը ա՛յն աստիճան հուզեց, ա՛յն աստիճան սաստիկ խռովության մեջ դրեց անբախտ երիտասարդին, որ նա բոլորովին շփոթվեցավ, և մի բառ անգամ չգտավ պատասխանելու մորը։

Մայրը բռնեց նրա ձեռքից, ներս տարավ տաճարը։

Սամվելը թախծալի աչքերով նայեց կրակի վրա, նայեց և մոգերի վրա։ Փոփոխությունը չափազանց անմխիթարական էր։ Մտաբերեց, որ այժմյան ատրուշանը այն եկեղեցին էր, որտեղ աղոթել էին յուր նախնիքը, և որի սուրբ ավազանից ինքը ծնունդ էր առել։

— Մա՛յր,— ասաց նա խռովյալ ձայնով,— ես ինձ բոլորովին դժբախտ եմ համարում, որ վերադառնալով իմ հայրենական ամրոցը, ամեն կարգ, ամեն սրբություն խանգարված եմ գտնում։ Եթե ցանկանում ես, որ ես քո որդին լինեմ, հանգցրո՛ւ այդ կրակը։

Մոր աչքերը վառվեցան բարկության բոցով։

— Ես աստվածասպան լինել կարող չեմ, Սամվել,— պատասխանեց նա, զայրացած կերպով հրաժարվելով։— Եթե դու իմ որդին