Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/54

Այս էջը սրբագրված է

գուցե, կարող էին նվաճել Հայաստանը։ Իսկ այդ ձեռնարկության մեջ, ես վստահ եմ, որ նրանք անպատճառ տանուլ կտան։

— Բայց ժողովուրդը դեռ ոչինչ չգիտե։

— Այդ դեպքում հոգևորականությունը մեր զորեղ դաշնակիցը կլինի։ Դու, Սամվել, ավելի մոտ հարաբերություններ ունես Աշտիշատի վանքի հետ, էգուց, առանց ժամանակ կորցնելու, կգնաս այնտեղ և ինչ որ պետք է, կկարգադրես։ Իսկ ես իմ կողմից բոլոր վանքերը մարդիկ կուղարկեմ։

— Բայց ես չգիտեմ` ինչպե՞ս վարվեմ իմ մոր հետ։ Նա բոլորովին կաշկանդել է ինձ։

— Քո մայրը, Սամվել, մի սարսափելի կին է, նա կարող է շատ բան փչացնել, եթե նրա հետ զգուշությամբ չվարվես։

— Որպեսի՞ զգուշությամբ։

— Դու պետք է քեզ այնպես ձևացնես, որ կամակից ես նրա հետ։

— Ուրեմն ես պետք է կեղծավորվե՞մ։ Դա շատ ծանր կլինի ինձ համար։

— Առայժմ ուրիշ ճար չկա։

է

ՊԱՏՐՎԱԿ

Առավոտյան, չնայելով որ օրից բավական անցել էր, բայց Սամվելը դեռ չէր դուրս եկել յուր քնարանից։ Գիշերը նա շատ ուշ վերադարձավ Մուշեղի մոտից և անկողին մտավ համարյա լուսաբացին։ Պատանի Հուսիկը արդեն մի քանի անգամ մոտեցել էր նրա քնարանի դռանը, ականջը անհամբերությամբ տարել էր կողպեքի մոտ, և երկար, զգուշությամբ լսել էր յուր տիրոջ շնչառության ծանր հառաչանքները։ «Չլինի թե հիվանդ է»... մտածեց նա վերջին անգամ, և բարեսիրտ պատանու պայծառ դեմքը մռայլվեցավ խորին տխրությամբ։

Նրա դուրս գնալուց հետո ընդունարանը ներս մտավ մի ծերունի չոր ու ցամաք, որպես կմախք։ Մորուքի և գլխի ճերմակ մազերի միջից դուրս էր նայում նրա մագաղաթի գույնով սառն դեմքը, որ յուր խոշոր գծերով արտահայտում էր մի ամուր բնավորություն: