Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/541

Այս էջը սրբագրված է

«Սամվելը» Րաֆֆու վերջին պատմական վեպն է և վերջին ստեղծագործություններից մեկը։ Մինչև այդ վեպի ստեղծումը գրողն անցել էր իր բուռն ու բեղուն գրական կյանքի ավելի քան երեսուն տարին և գրել էր նաև «Դավիթ Բեկ» և «Պարույր Հայկազն» պատմական վեպերը։ Կարելի է ասել «Սամվելը», եղավ գրողի քաղաքացիական-հայրենասիրական և ստեղծագործական կյանքի ամենահասուն արգասիքը։

Թվում է, թե «Սամվելի» ստեղծագործական պատմությունը առանձնապես բարդ ու տևական չի եղել։ Մամուլում ու հեղինակի նամակագրության մեջ քիչ գրագրություն կա «Սամվելի» շուրջը։ Այդ գրագրությունից, օրինակ, հնարավոր չէ պարզել վեպի մտահղացման, նրա պատմական հարուստ նյութն ուսումնասիրելու ու նախապատրաստելու և երկի գրվելու պրոցեսի հարցերը։ Մինչդեռ լուրջ պատմագրական նշանակություն ունի այս կամ այն խոշոր ստեղծագործության, գրական երևույթի ստեղծվելու ու երևան գալու ժամանակի, պայմանների, մղումների ու նպատակների մանրամասն պարզաբանումը, նրա պատմագրության ստեղծումը։ Եթե մի օր գրվեր Րաֆֆու լուրջ, գիտական կենսագրությունը և մասնավորապես տրվեր նրա բոլոր խոշոր երկերի ստեղծագործական պատմությունը — այդ նշանակալի կլիներ ոչ միայն հասարակական-ազգային, մեծագույն խոհերով ապրած այգ հուժկու գրողի գրական անհատականությունն ու առանձնահատկությունները բացահայտելու իմաստով, այլև 19-րդ դարի մեր գրականության ու առհասարակ հասարակական կյանքի մի բարդ շրջանի պրոցեսը իրապես ճանաչելու տեսակետից։

«Սամվելի» մասին գրավոր վկայությունների սակավությունը բոլորովին էլ այդ վեպի ստեղծագործական պրոցեսի, հեղինակային տևական խոր ու բարդ մտորումների պակաս չի նշանակում։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Րաֆֆին լինելով ընդհանրապես ինքնամփոփ, համեստ մարդ, քիչ է արտահայտվել, կամ համարյա չի արտահայտվել իր ստեղծագործական խոհերի ու խնդիրների շուրջը