Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/543

Այս էջը սրբագրված է

կրոնավորների հետ, խարազանել է նրանց տգիտությունը, ժողովրդից կտրվածությունն ու անհոգությունը նրա նկատմամբ։ Նա պաշտպանել է հայ «Հյուսիսափայլի» արծարծած լուսավորական, հայրենասիրական գաղափարները, համառորեն տարածել է իր գրքերի գաղափարները։ Րաֆֆին առհասարակ հսկայական կարևորություն է տվել ժողովրդին «նոր մտքերի ու նոր գաղափարների հետ ծանոթացնող» գրքերի միջոցով լուսավորելու և նրան իր կյանքի ու ճակատագրի հանդեպ հույժ պատասխանատու դարձնելու ամեն մի գործողությանը։

1887 թ. հուլիսի 28-ին Հ. Աբելյանցին գրած իր նամակում Րաֆֆին ասում է. «Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նրան շատ մոլորություններից։ Նոր, ժամանակակից և թարմ մտքերի հետ ծանոթանալով նա կուղղի յուր ճանապարհը, յուր ընթացքը։ Եվ «Սամվելը» այդ իսկ նպատակով գրված և, թեև նա պատմական վեպ է։ Մեր այժմյան դրությունը նույն դրությունն է, ինչ որ է չորրորդ և հինգերորդ դարերում։ Բայց ցավալին այն Է, որ ընթերցանություն տարածելոը գործը մեզանում խիստ դանդաղ և խիստ թույլ կերպով է առաջ գնում։ Պատճառը, իմ կարծիքով, այն է, որ մեզանում կրթության գործը միակողմանի է և սահմանափակ։ Վերջին ժամանակներում ամենքն իրանց խելքն ու միտքը տվեցին դպրոցներին, և ամեն լույս նրանից էին սպասում, առանց մտածելու, որ դպրոցը լի կարող այն տալ, ինչ որ կարող է տալ լավ և նպատակահարմար կերպով մշակված ընթերցանության գիրքը։ Իմ աշխատությունների նպատակը մինչև այսօր եղել է և պիտի լինի՛ մեր ժողովրդին նոր մտքեր տալ և նոր գաղափարների հետ ծանոթացնել։ Բայց մեր հասարակության մտածող մասը, որ փոքր ի շատե հասկանում է այդ, պետք է նպաստի հեղինակին, որ նա կարողանա առաջ տանել յուր սկսած գործը։ Ես ոչ ոքից ողորմություն չեմ պահանջում։ Ես պահանջում եմ այսքանը միայն, որ հայ հասարակությունը վերջապես հասկանա, որ գիրքը նույնպիսի կենսական պահանջ է, որպես հացը և ջուրը, առանց որոնց ապրել չէ կարողանա։ Իսկ առանց գրքի նա կմեռնի թե բարոյապես և թե մտավորապես ...»։ (ՀՍՍՌ գրական թանգարան, Րաֆֆու արխիվ)։

«Սամվելը» առաջին անգամ տպագրվել է «Արձագանք» շաբաթաթերթում, 1886 թ. 7 — 22, 46—48 և 1887 թ. 1—8, 10—12, 15—19, 21, 22—25, 27, 24, 30, 34—38, 40—42, 44—48 համարներում։

«Սամվելի» տպագրությունն սկսելու առթիվ «Արձագանքը» գրում է հետևյալ առաջնորդողը։

«Ներկա համարից «Արձագանքը» սկսում է Րաֆֆիի «Սամվել» պատմական վիպասանության տպագրությունը։ Պ. Րաֆֆին այնպիսի գրականական հռչակ է վայելում ազգի մեջ, որ մի հանձնարարականի կարոտ չէ մեր կողմից։ Ոչինչ չխնայելով «Արձագանքի» բովանդակությունը, ըստ չափու կարողության և եղած գրական ուժերի, ընտիր անելու, մենք սիրով ընդունեցինք գրականության բարգավաճման նախանձախնդիր անձանց առաջարկությունը ընդհատել տալ այն վիպասանի լռությունը, որի ձայնը այնքան սիրելի էր ընթերցող հասարակության, որի երկասիրությունները մի եզակի երևույթ են ներկայացնում մեր մեջ, տարածելով մի քանի տպագրությամբ։ Եվ ահա «Փորձի» 1876-ի աշխատակիցը տասը տարուց հետո սկսում է աշխատակցել «Արձագանքին»։

Վստահանում ենք կարծել, որ վիպասանի տաղանդը այժմ գտնելով իրան