Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/56

Այս էջը սրբագրված է

ախարարների որդիների կրթության համար, և որոնք անհրաժեշտ էին լավ մարդ և լավ զինվոր լինելու համար։ Աամվելի դայակի բարոյական կրթության ծրագիրը շատ սահմանափակ էր։ Նա բովանդակում էր յուր մեջ մի քանի հիմնական խրատներ միայն. սուտ չխոսել, տված խոստմունքը կատարել, ողորմած լինել դեպի տկարները, հավատարիմ լինել թագավորին և հայրենիքին, սակավապետ լինել և ժուժկալ։ Իսկ ավելի ընդարձակ բարոյական և հոգևոր կրթությունը հանձնված էր առանձին վարժապետների, որ միևնույն ժամանակ սովորեցնում էին նրան կրոն, լեզուներ և դպրություն։ Այդ վարժապետները հրավիրվում էին ամրոցրը մերձակա Աշտիշատի վանքից։

Արբակը շատ համեստ մարդ էր, սիրում էր, որ ուրիշները խոսեին յուր մասին, բայց երբեմն, երբ բարկացնում էին նրան, նա հարևանցի կերպով հիշեցնել գիտեր յուր տոհմային ազնվականությունը, ասելով. «Ինձ խո պատի տակից շեն գտել»... Խիստ հաճախ սովորություն ուներ խոսել այն ճակատամարտի մասին, թե ի՛նչպես պարսիկները կտրեցին Եփրատի նավակամուրջը, արգելեցին Հուլիանոսի անցքը, իսկ իրանք պարսիկներին վանելով, Հուլիանոսի համար ճանապարհ բաց արին։ «Ա՜խ, եթե ես գիտենայի որ Հուլիանոսը այնպես վատ մարդ էր միշտ այդ խոսքերով էր վերջացնում յուր պատմությունը։

Պատմիր Արբակին ամեն տեսակ պատերազմական հրաշալիքներ, նա քեզ կպատասխաներ, «Ա՜յ, այն ժամանակ, երբ մենք կռվում էինք Եփրատի մոտ»... և կսկսեր նավակամուրջի պատմությունը։ Նա մոռանալ չէր կարող ուրացող կայսրի վարմունքը յուր թագավորի` Տիրանի հետ, որ պատճառ դարձավ հայոց մի հզոր քահանայապետի մահվանը։

Սամվելը դուրս եկավ քնարանից և, տեսնելով այնտեղ Արբակին, ողջունեց, ասելով.

— Բարով, Արբակ, ի՞նչ կա։

— Քո ողջությունը,— պատասխանեց ծերունին, նստելով հատակի վրա տարածված օթոցի վրա։

Նա չէր սիրում նստել բարձր բազմոցի կամ գահավորակի վրա, համարելով այդ մի ծիծաղելի սովորություն։ «Փայտե ձի են նստում, որ երբեք չէ շարժվում»— մի այդպիսի հանելուկի ձև էր ստացել նրա բեբանում այդ սովորությունը։

— Լավ է, որ եկար, Արբակ,— ասաց Սամվելը,— ես այս առավոտ կամենում եմ որսի գնալ։