Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/6

Այս էջը հաստատված է

մասին՝ մեր պատմությունը, եթե չասեմ իսպառ, կարող եմ ասել մեծ մասամբ լռում է։

Բայց վեպի համար հարկավոր է ընթացիկ, շարժուն կյանքը յուր բոլոր երևույթներով, և ոչ թագավորների կամ իշխանների աշխարհակալության կամ պարտության չոր ու ցամաք տարեգրությունը։

Մեր պատմության մեջ գրեթե բոլորովին մոռացված է ամբոխը: Մեր պատմագիրները չեն նկատել, որ բացի թագավորներից և իշխաններից, բացի հոգևորականներից և զինվորներից, Հայաստանում կար և ժողովուրդ, որ ապրում էր, որ յուր կյանքն ուներ, որ յուր տոները, հանդեսները և ցնծություններն ուներ, և որի հոգեկան և բարոյական հակումները արտահայտվում էին այս և այն հասարակական երևույթների մեջ։— Մեր պատմության մեջ ժողովուրդը չկա, կան միայն տիրապետողներ։ Մենք չգիտենք, ինչպե՞ս էր ապրում հայոց շինականը, ի՞նչ տեսակ հարաբերությունների մեջ էր յուր տերերի հետ, կամ ի՞նչ էր ուտում և ի՞նչ էր հագնում և ի՞նչ տեսակ զվարճություններ ուներ։ Մենք չգիտենք, թե ի՞նչ էր շինում հայոց արհեստավորը, ո՞ր երկրների հետ առևտուր ուներ հայոց վաճառականը, կամ ի՞նչ տեսակ անասուններ էր սնուցանում հայոց խաշնարածը։ Մեր պատմությունը լուռ է այդ բոլորի մասին։ Բայց վեպի համար դրանք կարևոր են։

Մեր պատմության մեջ մոռացված է և մեր ժողովրդի մի նշանավոր տարրը՝ կինը: Մենք ծանոթ ենք մի քանի կանանց անունների հետ միայն, իսկ նրանց կյանքը յուր բոլոր մանրամասներով մեզ անհայտ է։ Ի՞նչ էր հայ կինը, որպես ամուսին, ի՞նչ էր նա, որպես մայր, ի՞նչ դեր էր խաղում, որպես ընտանիքի և հասարակության անդամ,— այդ մենք չգիտենք։ Մենք չգիտենք նաև, թե ինչպե՞ս էր հայտնվում նա ժողովրդական տոների և հանդեսների մեջ, կամ ո՞ր աստիճան մասնակցում էր նրա ուրախություններին և տրտմություններին։ Իսկ առանց կնոջ վեպ կարող չէ լինել. կինն է նրա ոգին և կենդանությունը։

Եվ այդպես, մեր պատմությունը, իբրև չոր ու ցամաք տարեգրություն, խիստ նվազ նյութ է տալիս մի վիպասանի, որով կարող լիներ նա նկարել անցյալի ճիշտ պատկերը յուր բոլոր երևույթներով։

Ինչ որ թերի է թողել պատմությունը, կարող էին լրացնել բանաստեղծական գրվածքները, եթե մեզ հասած լինեին։ Բայց մենք չունենք ո՛չ Էսքիլեսի և Սոֆոկլեսի ողբերգությունները, և ո՛չ Հոմերոսի