Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/61

Այս էջը սրբագրված է

նշանավոր ուժերը։ Գնում էր ազդարարելու տեղային հոգևորականությանը գալոց վտանգի մասին, գնում էր հորդորելու նրանց, որ նրանք ևս իրանց կողմից պատրաստվին հուզելու քրիստոնյա ժողովուրդը։ Երկու համացեղ, համազգի հայ հասարակությունների կրոնական ներկայացուցիչները պետք է մրցեին, պետք է մաքառեին միմյանց հետ։ Մեկի նախաձեռնությունը տալիս էր մայրը, մյուսինը — որդին։

Ընդունարանից մի դուռ բացվում էր դեպի հանդերձատունը, որ այլ անունով կոչվում էր «պատմուճանաց տուն»։ Այնտեղ պատուհաններում, մեծ և փոքր կապոցների մեջ, դրած էին Սամվելի զգեստները։ Իսկ սամույրի մուշտակները և զանազան վերարկուները, հարմարացրած տարվա եղանակներին, քարշ էին տված ավելի ընդարձակ պատուհաններում և ծածկված էին վարագույրներով։ Առանձին տեղ էին բռնում նրա զինվորական և որսորդական հագուստները։ Բոլորը թանկագին, բոլորը զարդարած ոսկով ու արծաթով։ Սամվելը մտավ այնտեղ և հագավ յուր որսորդական կարճ ու թեթև զգեստը։ Այդ զգեստի մեջ նրա գեղակազմ իրանը ներկայանում էր յուր բոլոր շքեղությամբ։

Իսկ Հուսիկը այդ միջրցում զբաղված էր մի այլ սենյակում, որի դուռը բացվում էր հանդերձատան միջից։ Այդ սենյակը իշխանի գանձարանն էր։ Այստեղ պահվում էին նրա` թե յուր անձնական, և թե յուր ձիաների` թանկագին զարդերը։ Բայց Հուսիկը ընտրեց ձիաների ասպազենքից ամենահասարակը միայն, որովհետև յուր տերը որսորդության էր գնում։ Ավելի փառավորները պահված էին հանդիսավոր օրերի համար։

Երբ Սամվելը պատրաստ էր, Հուսիկը վեր առեց ասպազենքը և յուր տիրոջ ետևից գնալով, երկուսը միասին դիմեցին դեպի իշխանական ասպաստանը (ախոռատունը)։

Ասպաստանը գտնվում էր ամրոցից դուրս, մի առանձին շինվածքի մեջ, որը յուր գեղեցկությամբ համարյա մի ապարանք էր, միայն նժույգների ապարանք։ Այնտեղ ապրում էր և իշխանական շների բազմությունը։ Այնտեղ պահվում էին և որսորդական բազեների զանազան տեսակները։ Երբ իշխանը ներս մտավ ասպաստանի ընդարձակ, քառակուսի բակի մեծ դռնից, ծառաները հեռվից նկատեցին նրա գալուստը և շտապեցին ախոռապետին իմացում տալու։ Իսկույն հայտնվեցավ նա և, ընդառաջ գալով մինչև մոտենալը, մի քանի տեղ կանգ առեց և հեռվից խորին կերպով գլուխ տվեց։