Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/62

Այս էջը սրբագրված է

— Բարով, Զավեն,— ողջունեց իշխանը։

Ախոռապետը կրկին լռությամբ գլուխ տվեց։

Բակում արդեն դուրս էին բերել կարմիր նժույգը, ծածկված գեղեցիկ չուլով, որի եզերքը զարդարած էին գույնզգույն, բրդեղեն ծոպերով։ Մի ուժեղ ձիապան բռնած ուներ սանձից, բայց անհանգիստ, աշխուժով լի նժույգը չէր դադարում զանազան կատակներ անել յուր դարմանողի հետ. խրխնջում էր, հռհռում էր և, առջևի ոտները բարձրացնելով, ետևի ոտների վրա ծառանալով, կարծես կամենում էր փշրել յուր սանձահարողին սմբակների սաստիկ հարվածքի տակ։ Բայց նա զորավոր ձեռքով զսպում էր ամեհի անասունին։ Ձիապանների խումբը, շրջապատած ուրախ դեմքերով, նայում էին այդ վտանգավոր մարզության վրա։ Իսկ ծերունի Արբակը երբեմն մոտենում էր և, ձեռքով փայփայելով նժույգի գեղեցիկ պարանոցը, հայրական խրատներ էր կարդում, ասելով.

— Հանգի՜ստ, Եղնիկ, ինչո՞ւ խելոք չես կենում։

Սամվելը մոտեցավ և, նայելով նժույգի խաղերին, դարձավ դեպի Արբակը, ասելով.

— Դու արգելեցիր ինձ այսօր ճերմակը նստել, բայց Եղնիկը նրանից շատ խելացի չէ։

— Ուրախությունիցն է այդպես անում,— պատասխանեց ծերունին և հրամայեց, որ ձեռքով փոքր-ինչ ման ածեն, մինչև հանգստանա, որ հետո թամբեն։

Ասպաստանը բաժանված էր զանազան մասների, մի մասնում զետեղված էին իշխանական ջորիները, մյուս մասնում` ավանակները, մի այլ տեղ հասարակ ձիաներր, իսկ այդ մասնում` ընտիր նժույգները։ Սամվելը գնաց նժույգներին այցելելու։ Ախոռապետը առաջնորդում էր նրան։ Նրանք մտան երկար ասպաստանի մեջ, որի վերջը հազիվ էր երևում։ Մսուրների վրա շարքով կապած էին նժույգները, մաքուր, առողջ, մինը մյուսից ավելի գեղեցիկ։ Հարյուրից ավելի կլինեին նրանք։ Նրանց զսպելու համար, մսուրների երկու կողմերի վրա ամրացրած երկաթյա հաստ օղակներից կապել էին յուրաքանչյուր նժույգի երասանակի երկճղի ծայրերը։ Չբավականանալով այդ զգուշությամբ, ավելի չար, ավելի անհանգիստ նժույգների ետևի ոտները շղթայել էին, որ չհարվածեն միմյանց, թեև յուրաքանչյուրը բաժանված էր յուր ընկերից փայտյա ամուր վանդակապատով։

Սամվելը անցնում էր նրանց ետևից և մի առ մի զննում էր: Նրան միշտ մեծ բավականություն էր պատճառում, երբ մտնում էր