Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/65

Այս էջը սրբագրված է

անուշհոտության փոխարեն, և հարազատը հարազատի արյունով կներկե այդ կանաչազարդ հովիտները...»:

Կարծես երեներն ևս հասկանում էին, որ Սամվելը այսօր իրանը հետ գործ չպիտի ունենա, և ազատ, համարձակ անցնում էին նրա աչքերի աոջևից։ Ահա՛ խորամանկ վիթը կայծակի արագությամբ դուրս պրծավ գետեզերքի թուփերի միջից, կտրեց ճանապարհը և, մտնելով ծառերի մեջ, ցատկեց մամռապատ ապառաժի գլխին և այնտեղից հեգնական հայացքով սկսեց նայել իշխանի վրա։ Բարակները նկատեցին նրա հանդգնությունը և հարցական դեմքով դարձան դեպի իրանց տերը։ Երբ ոչինչ հրահանգ չստացան, վշտացած կերպով շարունակեցին իրանց թեթև գնացքը։ Ահա՛ կաքավների աղմկալի երամը սրաթռիչ թևքերով խռովեց տիրող լռությունը։ Մույգ֊կապտագույն փոթորկի նման, շատ մոտից անցավ նա և մի ակնթարթում անհետացավ մերձակա ժայռերի մեջ։ Բազեները, որ մինչև այդ րոպեն խաղաղ թառած էին զինակիրների ձեռքի վրա, տեսնելով այդ կարմրակտուց և կարմրոտիկ թռչունների համարձակությունը, իրանց լայն, սրածայր թևքերը թափահարեցին և, խիստ զայրագին թռիչք գործելով, կամենում էին իսկույն հետամուտ լինել։ Բայց նրանց ոտքերից կապած մետաքսյա նարոտը թույլ չտվեց հարձակում գործել։

Արևը բավական բարձրացել էր. անտառի մեջ տիրում էր ախորժելի ջերմություն։ Նախորդ օրվա հորդ անձրևից ծառերը լվացվել էին, մաքրվել էին և սքանչելի պչրանքով փայլում էին իրանց կոկիկ տերևներով։ Խոտերը ավելի կենդանի գույն էին ստացել, իսկ կանաչ մամուռը ավելի աճել էր և, փափուկ գորգի նման, ծածկում էր ծառերի, ժայռերի մերկությունը։

Անձրևը այդ անտառներում սաստիկ բարկացնում էր շինական կանանց։ Նա լվանում էր տերևներից շաքարը, որ բնությունը դնում էր նրանց վրա։ նա ոչնչացնում էր երկնքի աստվածապարգև մանանան։ Բայց այս անգամ նրանք վաղօրոք հավաքած ունեին իրանց պաշարը։ Ահա այստեղ և այնտեղ ծառերի միջից երևում են փոքրիկ, ժամանակավոր տաղավարներ, հյուսած թարմ ոստերից։ Նրանց մոտ մուխ է բարձրանում և դանդաղ, համրընթաց ամպիկներով տարածվում է օդի մեջ։ Գեղջկուհի կարմրաշապիկ աղջիկները, կարմրաքող հարսիկները, նախշուն թիթեռների նման, ժիր կերպով պտտվում են կրակի շուրջը։ Կրակի վրա եփ է գալիս մի մեծ կաթսա։ Նրա մեջ լցնում են շաքարապատ տերևները, շաքարը լուծվում է ջրի մեջ, հետո տերևները դուրս են ածում, իսկ