Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/7

Այս էջը հաստատված է

և Վիրգիլիոսի դյուցազնական հագներգությունները։ Մեր հին գրականությունը դուրս չեկավ եկեղեցական շրջանակից։ Մեր հեղինակները գրեցին մեկնության ստվար գրքեր, հռետորական ճառընտիրներ, գրեցին փիլիսոփայական և աստվածաբանական աշխատություններ, բայց ո՛չ մի վեպ, ո՛չ մի դրամա կամ կոմեդիա չտվեցին մեզ։

Մեր հին գրականության մեջ, թեև կյանքի և սովորությունների, ընտանեկան և հասարակական կազմակերպության լիակատար նկարագիրներ չկան, բայց կան հազիվ նկատելի նշմարներ, փոքրիկ բեկորներ, որոնք ի մի ամփոփելով, պարզելով և դասավորելով, կարելի էր, եթե ոչ բոլորովին ամբողջական, գեթ մասնավոր գաղափար կազմել պատմական հայի կյանքի մասին։

Այդ աշխատանքը պետք է մեր արդի հնախոսության գործը լիներ։ Բայց մեր հնախոսությունը այդ մասին դեռ շատ աննշան գործ է կատարել։ Մեր հնախոսությունը դեռ չէ դուրս եկել այն նեղ, սահմանափակ շավիղից, ինչ շավիղով որ ընթացել է պատմությունը։ Պատմությունը խոսում է միայն թագավորների, իշխանների և հոգևորականության մասին. հնախոսությունը նույնպես զբաղված է նրանցով։ Մեր հնախոսության մեջ կյանքի քննադատությունը, յուր բոլոր երևույթներով, խիստ աննշան տեղ է բռնում։ Կարդալով Ինճիճյանի երեք պատկառելի հատորները, չէ կարելի մի պարզ հասկացողություն կազմել նախնական հայի կրոնի, պաշտամունքների, սովորությունների և ծեսերի մասին,— չէ կարելի տեղեկանալ, թե ինչպե՞ս էր ապրում հայը յուր տան մեջ և հասարակության մեջ։

Այդ բոլորից հետո, ինքնըստինքյան հասկանալի է, թե ո՛րքան դժվար է հայ վիպասանի համար պատմական վեպ գրել։ Թե՛ հին և թե նոր գրականությունը նրա համար բավականացուցիչ նյութ չէ պատրաստել։ Նա ինքը պետք է բոլորը ուսումնասիրե, նա ինքը պետք է բոլորը պատրաստե։ Բայց որտեղի՞ց։

Արդյոք ունե՞նք մի մուզեում, որտեղ հայ վիպասանը մտնելով տեսներ, թե ի՛նչ տեսակ զգեստ ունեին նախնի հայերր, ի՛նչ տեսակ դարդեր ու զենքեր ունեին, կամ ի՛նչ տեսակ տնային կարասիք էին գործածում։ Արդյոք մենք ունե՞նք մեր հին արձանները, մեր հին նկարները։ — Ոչինչ չունենք։ Իսկ այդ բոլորը պետք են պատմական վեպի համար։ Եթե Վալտեր Սկոտը և Էբերսը գրեցին գեղեցիկ պատմական վեպեր, որոնց մեջ յուր բոլոր մանրամասներով պատկերանում է վաղեմի մարդու կյանքը,— այդ հաջողությունը