Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/70

Այս էջը սրբագրված է

ուխտավոր մի֊մի աղավնի էր թռցնում։ Եվ սիրո աստվածուհու (Աստղկա) նվիրական թռչունները, մաքուր, անբիծ, որպես սիրո անարատ ոգիներ, սավառնում էին, սլանում էին, ճախր էին առնում նրա սպիտակ մարմարիոնյա տաճարի շուրջը:

Զո՜հ, ջո՜ւր և աղավնի՜, որքան մեծ խորհուրդ կա ձեր մեջ։ — Հաշտության, քավության և սիրո սուրբ խորհուրդը։

Ամեն տարեմուտի սկզբում, Նավասարդ ամսում, Վարդավառի տոնախմբության ժամանակ, Հայաստանը այդ հաշտությունը կատարում էր յուր «Հաշտից տեղերում», Քարքեի բարձրությունների վրա, յուր աշխարհախումբ զոհաբերության արյունով։ Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր այդ քավությունը, մկրտվելով Արածանիի սուրբ ջրով։ Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր և սիրո այդ սուրբ խորհուրդը, Աստղկա տաճարին աղավնիներ ձոնելով։

Բայց այդ ավանդությունը շատ հին էր, և ավելի հին, քան թե Ժամանակների սկիզբը։

Երբ աստված մաքրեց մեղավոր երկիրը ջրհեղեղով,— այդ համաշխարհական մկրտությունից հետո հայոց Նոյ նահապետը առաջինը եղավ, որ Նավասարդի սկզբում Արարատ լեռան գագաթից թռցրեց աստվածային սիրո ավետաբեր աղավնին։ Հետո, դուրս գալով տապանից, նույն լեռան ստորոտում մատույց հաշտության առաջին զոհը։ Ծերունի նահապետի ավանդապահ որդին, Սեմը, Արարատից գալով Տարոն և բնակվելով Սիմ լեռան ստորոտում, նվիրագործեց խորհրդավոր ավանդությունը։

Անցան դարեր, անթվելի շատ դարեր, այդ ավանդությունը կատարվում էր հայոց աշխարհում, մինչև նույն աղավնին հայտնվեցավ Հորդանանի ջրերի վրա։

Նույն ավանդությունը սրբագործեց հեթանոս Հայաստանը Վարդավառի տոնախմբությամբ։ Նույն ավանդությունը սրբագոր֊ ծեց և քրիստոնյա Հայաստանը դարձյալ Վարդավառի տոնախմբությամբ։

Այդ բոլորը գիտեր Սամվելը, այդ բոլորն անցնում էր նրա մտքից, որպես ազգային անմոռանալի հիշողություն։

Այն օրից, երբ Սամվելը գնում էր Աշտիշատի վանքը, յոթանասուն տարի առաջ, երկու սպիտակ ջորիներ Տարոնի միջով տանում էին մի ծածկված կառք։ Հայոց երկրի վեց նշանավոր իշխաններ, ձիաների վրա նստած, շրջապատել էին այդ կառքը։ Դրանք էին` Հաշտենից իշխանը, Արծրունյաց իշխանը, Անձևացյաց