Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/71

Այս էջը սրբագրված է

իշխանը, Անգեղ տան իշխանը, Սյունյաց իշխանը և Մոգաց իշխանը։ Կառքի ճակատին, որպես սրբազան դրոշակ, փայլում էր մի արծաթյա խաշ։ Նրա առջևից գնում էր Հայաստանի Լուսավորիչը, երեսը սև և անթափանցիկ քողով ծածկած։ Իսկ ետևից գալիս էին վեց իշխանների զորքերը` թվով 5080 հոգի։ Այդ քրիստոնեական հոգևոր զինվորությունը` խորին սրբազան ոգևորությամբ անցնում էր Տարոնի միջով, և որտեղից անցնում էր, թողնում էր հեթանոս շրջակայքի վրա ահ և սարսափ։ Կառքը տանում էր յուր մեջ այն սրբությունները, որ Լուսավորիչը բերել էր յուր հետ Կեսարիայից։

Դեռ առավոտը նոր էր լուսանում, երբ կառքը անցավ Արածանին և մոտեցավ Քարքեի բարձրություններին։ Այստեղ երկու սպիտակ ջորիները կանգ առին և այլևս առաջ չգնացին։

Բայց կառքի մերձենալը ահեղ սոսկումով ազդեց լեռների վրա և դիցանվեր անտառի խաղաղությունը վրդովվեցավ։ Հայոց տոհմային աստվածները զայրացան և կատաղած քուրմերը խումբերով դուրս վազեցին տաճարներից։ Մի քանի ժամվա մեջ Արձան քրմապետի, նրա որդի Դեմետրեի և Մեսակես քրմապետի դրոշի տակ հավաքվեցան 6946 հոգի, որոնք բոլորը քուրմեր և մեհյանների պաշտոնյաներ էին։ Սկսվեցավ` արյունահեղ կռիվը — քրիստոնեության և հեթանոսության կռիվը։

Սրբազան անտառի խորքերից, որպես մի հսկայական մրջնանոցի միջից, դուրս խուժեց թաքնված զորությունը և բռնեց լեռների բոլոր անցքերը ու բոլոր բարձր դիրքերը։ Արձան քրմապետը զինված էր, զինված էր և նրա որդին։ Հայր և որդի դառն և նախատական խոսքերով մենամարտության էին հրավիրում հայոց իշխաններին, որ կռվում էին հայրենի աստվածների դեմ։ Շուտով քուրմերն այնպիսի նեղ դրության մեջ դրեցին հայոց իշխաններին, որ Մոգաց իշխանը ստիպված եղավ Լուսավորչին փախցնել Մամիկոնյանների Ողական ամրոցը, որ թշնամու ձեռքը չընկնի։ Փախչելու միջոցին Լուսավորիչը յուր Կեսարիայից բերած սրբությունները թաքցրեց անտառի մեջ, մի անհայտ տեղում։

Կռիվը տևեց մի քանի օր և մի քանի շաբաթ, մինչև հայոց իշխանները նոր զորություն ստացան։ Հաղթությունը մնաց քրիստոնեության կողմը։ Արձան քրմապետը, նրա որդի Դեմետրեն և Մեսակես քրմապետը ընկան պատերազմի դաշտում, սուրը ձեռքում, հերոսի պես։ Ընկան քուրմերից և 1038 քաջեր։ Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան... Հայոց արհեստի և