Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/74

Այս էջը սրբագրված է

երաժշտություն, և ծանոթանալով հույն բանաստեղծների հետ Կ. Պոլսում ամուսնացավ նա։ Վերադառնալով յուր հայրենիքը, որպես երիտասարդական հասակում նրա հայրը, այնպես էլ և ինքը` զանազան զինվորական պաշտոններ էր վարում, բնավ չմտածելով, թե մի օր հայոց հայրապետական աթոռի ժառանգորդը պետք է լինի։ Սկսյալ այն օրից, երբ հայոց հայրապետական տունը սկսեց խնամություն անել արքունիքի և մեծ նախարարությանց տների հետ, նա յուր որդիների հոգևոր կրթության հետ միացրեց և զինվորական կրթությունը։ Եվ այդ անհրաժեշտ էր, որովհետև Հայաստանի քահանայապետը ներկայացնում էր միևնույն ժամանակ` և Հայաստանի ամենաբարձր պետական անձը։ Նա տիրոջ սուրբ սեղանի վրա պատարագ էր մատուցանում, բայց հարկը պահանջած ժամանակ առաջնորդում էր զորքին դեպի պատերազմ։ Նա եկեղեցու բեմից քարոզում էր յուր ժողովրդին աստուծո խոսքը, բայց հարկը պահանջած ժամանակ` թագավորների հետ բանակցություններ էր անում յուր հայրենիքի գործերի վերաբերությամբ։

Սահակ Պարթևը գործով եկած էր Աշտիշատի վանքը և այնտեղ պատահմամբ տեսավ Սամվելին։ Սամվելը գիտեր, որ նա անցնելու է Տարոնով, բայց չէր սպասում, որ այսօր կհանդիպեր նրան Աշտիշատի վանքում։ Երկու ամիս առաջ, Մեսրոպի հետ, նա դուրս էր եկել այցելություններ անելու յուր հայրենական կալվածներին, որոնք սկսյալ Արարատից, զանազան գավառներում, տարածվում էին մինչև Տարոն։ Հայրապետական հարուստ տունը ուներ այնքան շատ կալվածներ, գյուղեր և ավաններ, որքան չուներ մի մեծ նախարար։

Մեսրոպը բնիկ տարոնեցի (մշեցի) էր` Հացիկ կոչված ավանից, Վարդան անունով մի ազնվականի որդի։ Նրա հայրենական ավանը կես օրվա ճանապարհով միայն հեռու էր Աշտիշատի վանքից։ Այդ աշխույժ, եռանդով լի երիտասարդը, սկսյալ մանկությունից, նվիրել էր իրան ուսման և գիտության. սովորեց հունաց, ասորաց, պարսից լեզուները և այն բոլոր գիտությունները, որ հայտնի էին յուր ժամանակում։ Որպես ազնվական, նա վարժված էր և զինվորական կրթության մեջ։ Վաղարշապատի արքունիքում նա զանազան պաշտոններ էր կատարել, մի ժամանակ որպես զինվորական, մի ժամանակ որպես դիվանագիր։ Իսկ հետո թողեց արքունիքը և Ներսես Մեծի հայրապետանոցում նոտարի պաշտոն էր կատարում:

Նրանք նք»տած էին այն սենյակում, որի կից սենյակը մի