Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/75

Այս էջը սրբագրված է

շատ տխուր հիշատակով կապված էր Սահակի տոհմային պատմության հետ...

Սահակը հագնված էր այնպես շքեղ, այնպես թանկագին զարդարանքներով, որպես հագնվում է մի մեծ արքայազն իշխան։ Նա նստած էր ծալապատիկ և ոսկյա քամարից քարշ ընկած ոսկեպատյան սուրը դրած ուներ ծնկների վրա։ Նրա մոտ նստած էր Սամվելը, իսկ նրանց հանդեպ` Մեսրոպը։

Սամվելն արդեն հայտնել էր նրանց Տիզբոնից ստացված աղետալի տեղեկությունները, հայտնել էր յուր հոր ու Մերուժանի չար դիտավորությունները,— և այդ էր նրանց վիճաբանության առարկան, թե ի՞նչ միջոցներով կարելի էր մոտալուտ վտանգների առաջն առնել։ Հայրենիքի վերահաս դժբախտությունը այն աստիճան հուզել էր այդ երեք երիտասարդ սրտերը, որ նրանք մինչև անգամ մոռացել էին ամեն չափ, ամեն պատշաճ, որ վերաբերում էր միմյանց անձնավորությանը։

— Վտանգը ավելի մեծ է, քան թե երբեք եղել է,— ընդհատեց Մեսրոպը տիրող լռությունը։— Մենք ճաշակում ենք մեր հին սխալների դառն պտուղները...

— Ի՞նչ սխալներ,— հարցրեց Սահակը։

— Այն մեծ սխալները, որ գործեցին քո մեծ պապերը, Սահա՛կ...

Վերջին խոսքը այնպիսի մաղձոտ ձայնով արտասանեց փոքրիկ երիտասարդը, որ նետի նման ցցվեցավ մեծափառ պարթևի սրտում։ Նրա մեջ եփ եկավ քահանայապետական և արքայական արյունը, և խոշոր աչքերի մեջ վառվեցավ բարկության կրակը։ Նա մի անսովոր շարժում գործեց։ Այդ միջոցին փոքրիկ երիտասարդը ձեռքը տարավ դեպի արծաթյա քամարը, որից քարշ էր ընկած մի կարճ սուսերը։

Սահակը զսպեց յուր վրդովմունքը և զայրացած կերպով հարցրեց (նրա ձայնը խոսելու միջոցին որոտում էր).

— Դո՛ւ այդ իմ պապերի սխա՞լն ես համարում, Մեսրոպ, որ նրանք բարբարոս Հայաստանը հեթանոսական տղմից հանեցին և քրիստոնեական լույսի մեջ դրեցին։

— Ես այդ քո պապերի սխալը չեմ համարում,— պատասխանեց Մեսրոպը մի այնպիսի մեղմությամբ, որ ավելի վիրավորական էր:— Բայց ասա՛ ինձ, Սահակ, ի՞նչ էր այդ լույսը առաջ, և ի՞նչ է նա այժմ։ Արդյոք նա դուրս եկա՞վ վանքերի շրջապարիսպներից. արդյոք նա մտա՞վ շինականի մռայլ խրճիթը։ Եվ չէր