Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/76

Այս էջը սրբագրված է

Էլ կարող մտնել։ Ի՞նչ միջոցով կարող էր մտնել։ Այն օրից, որ այդ լույսը բերեցին Հայաստան, անցել է համարյա մի դար։ Բայց մինչև այսօր մեր եկեղեցիներում սուրբ գիրքը կարդում են հունաց և ասորաց լեզուներով, մինչև այսօր մեր եկեղեցիներում աղոթում են օտար լեզուներով։ Ո՞ր գյուղացին, ո՞ր քաղաքացին, ո՞ր հայը հասկանում է այդ լեզուները։ Եվ այդ գրության մեջ ի՞նչ լույս, ի՞նչ բարոյական կամ հոգևոր ուղղություն կարող էր տալ եկեղեցին ժողովրդին, երբ նա տեսնում է միայն ծեսեր և լսում է իրան անհասկանալի ձայներ։

— Դու կարծում ես, որ ժողովուրդը սակա՞վ օգտվեցավ դրանից, Մեսրոպ։

— Օգտվեցանք մենք, և ոչ թե ժողովուրդը։— Դու, ես և այդ նազելի երիտասարդը, որ լուռ նստած է այստեղ,— նա ձեռքը տարավ դեպի Սամվելը,— մենք ամենքս հունական կամ ասորական կրթության արդյունք ենք, այո՛, փչացնո՜ղ և ամեն ազգային զգացմունք սպանո՜ղ բյուզանդականության արդյունք։ Բայց ի՞նչ է խեղճ ժողովուրդը։ Նա հինը կորցրեց և նորի մեջ ոչինչ չգտավ... Շա՛տ բան գտավ, Մեսրոպ։

— Ոչինչ չգտավ, Սահակ։ Դու մոռացե՞լ ես, երբ քո սուրբ Վրթանես պապը` հենց այդ Աշտիշատի վանքի տաճարի մեջճ հունաց լեզվով պատարագ էր մատուցանում, հանկարծ երկու հազար հոգի պաշարերին վանքը, կամենում էին քարկոծ առնել նրան: Տաճարի ամրությունը հազիվ կարողացավ ազատել նրան կատաղի խուժանի բարկությունից։ Դու մոռացե՞լ ես, Սահակ, երբ քո Պապ և Աթանագինես հայրերը` դարձյալ այդ Աշտիշատի վանքում` նստած էին խրախության սեղանի շուրջը, հանկարծ մեկը` հրեշտակի նման` սուրը ձեռին ներս նետվեցավ և երկուսին ևս խողխողեց նստած տեղում։ Ամիսներով նրանց դիակները մնացին այնտեղ անթաղ, և ոչ ոք խուժանի երկյուղից չէր համարձակվում մոտենալ։ Ահա այդ սենյակում կատարվեցավ հայտնի եղեռնագործությունը...

Նա ձեռքը տարավ դեպի կից դահլիճը, որ վանքի եպիսկոպոսարանն էր, և շարունակեց:

— Այդ դժբախտ դեպքից անցել է ընդամենը մոտ երեսուն տարի։ Ի՞նչ է փոխվել։ Ժողովուրդը դեռ նույն բարբարոսն է մնացել։

— Երեսուն տարվա մեջ չէր կարելի խլել ժողովրդից այն, ինչ որ կազմվել էր նրա մեջ շատ դարերի ընթացքում, Մեսրոպ։