Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/77

Այս էջը սրբագրված է

— Այդ ես գիտեմ, Սահակ։ Բայց դա դարձյալ չէ հերքում այն միտքը, որ մեր ժողովրդի կրթության գործը բոլորովին սխալ և, թույլ եմ տալիս ինձ ասել, բոլորովին վնասակար հիմքերի վրա դրվեցավ...

Նկատելով, որ վիճաբանությունը հետզհետե ավելի սուր կերպարանք է ստանում, Սամվելը մեջ մտավ, ասելով.

— Ի՞նչ օգուտ այդ հակաճառություններից, Մեսրոպ։ Ինչ որ եղել է, ինչ որ կատարվել է, մենք այդ բոլորը պետք է անցած համարենք և մտածենք գործերի այժմյան դրության վրա, թե ի՞նչ միջոցով կարող ենք հեռացնել վերահաս վտանգը։

Փոքրիկ երիտասարդի գունաթափ դեմքի վրա երևաց մի դառն ժպիտ։ Նա նայում էր Սամվելի վրա, որպես մի պարզամիտ երեխայի վրա։

— Դու շտապում ես, սիրելի Սամվել,— ասաց նա փաղաքշական ձայնով։— Չէ՞ որ գործերի այժմյան հիվանդոտ դրությունը բխում է մեր հին մեղքերից։ Առանց քննելու այդ մեղքերը, մենք չենք կարող դարման տանել ներկա չարիքներին, որ մեր հայրենիքին մահ է սպառնում... Ես համոզված եմ, որ քո հայրը հիմար մարդ չէ։ Ես համոզված եմ, որ քո քեռի Մերուժան Արծրունուն նույնպես չի կարելի խենթերի կարգը դնել։ Իսկ ես ավելի համոզված եմ, որ այդ երկու դավաճաններին փայփայող պարսից Շապուհ արքան շատ կրոնասեր մարդ չէ։ Նա քո հորը և քո քեռուն ուղարկում է ոչնչացնելու Հայաստանում քրիստոնեությունը և պարսից մոգերի ձեռքը տալու թե մեր եկեղեցիները, և թե մեր դպրոցները։ - Դու կարող ես հավատացած լինել, նազելի Սամվել, որ Շապուհը այդ ձեռնարկության մեջ ոչ յուր հոգու փրկությունն է որոնում, և ոչ կամենում է հաճոյանալ յուր աստվածներին,— այլ կամենում է ընդմիշտ վճռել մի քաղաքական ծանր խնդիր, որ նրան շատ անհանգստացնում է...

Սամվելն ամբողջ մարմնով դողաց. նա համարյա չլսեց վերջին խոսքերը։ Նրան ծաղրում էին, նրա երեսին նրա հորը դավաճան էին կոչում, և կոչում էր մի ազնվական, որ բարձով, պատվով իրանից շատ ստոր էր։ Նա ձայն տվեց վշտացած կերպով.

— Եթե դո՛ւ, Մեսրոպ, քո երկար լեզվի չափը քո կարճ հասակին հավասարեցնեիր, ավելի քաղաքավարի կլինեիր։

Փոքրիկ երիտասարդը վեր կացավ նստած տեղից և, մի քանի անգամ անցնելով սենյակի միջով, կանգնեց Մամիկոնյան իշխանի առջև և անվրդով կերպով ասաց.