Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/78

Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ ես վիրավորում, գեղեցիկ Սամվել, քո հորեղբայր Վասակն էլ կարճահասակ մարդ էր, բայց ավելի մեծ մարդ էր, քան թե քո հսկայատիպ հայրը...

— Հոր մեղքը կքավե որդին...

— Այն ժամանակ ես ավելի կսիրեմ նրան...

— Թողեցեք այդ,— որոտաց Սահակը յուր պարթևական ահարկու ձայնով։— Կատակի և երգիծանքի ժամանակ չէ։ Նստի՛ր, Մեսրոպ։

Նա եկավ և նստեց յուր առաջվա տեղում։

«Շապուհը կամենում է ընդմիշտ վճռել մի քաղաքական ծանր խնդիր, որ նրան շատ անհանգստացնում Է...»։

Փոքրիկ երիտասարդի այս խոսքերի իմաստը լավ ըմբռնելու համար հարկավոր է միայն հիշել Հայաստանի հարյուր տարվա քաղաքական վիճակը, սկսյալ Տրդատից մինչև Արշակ Բ-րդի վերջին օրերը, այսինքն' քրիստոնեության մուտքից մինչև Շապուհի կրոնական հալածանքները։

Նախքան քրիստոնեության մուտքը Հայաստանում` հայերը և պարսիկները ավելի հաշտ էին միմյանց հետ, որովհետև կրոնով շատ նման էին և, բացի դրանից, թե Հայաստանում, և թե Պարսկաստանում թագավորող տները միևնույն պարթևական կամ Արշակունյաց տոհմից էին։ Հայ և պարսիկ թագավորների մեջ եղբայրություն կար։

Քրիստոնեության Հայաստանում մուտք գործելու ժամանակներում` թե արևելքում և թե արևմուտքում պատահեցան երկու մեծ փոփոխություններ, որոնք բոլորովին հեղաշրջեցին Հայաստանի քաղաքական դրությունը։ Արևմուտքում կազմվեցավ Բյուզանդական կայսրությունը և Կ. Պոլիսը մայրաքաղաք դարձավ, իսկ արևելքում կազմվեցավ Սասանյան պետությունը և Տիզբոնր մայրաքաղաք դարձավ։ Պարսից Արշակունիների թագավորությունը վերջացավ։ Հայերը զրկվեցան իրանց լավ դաշնակիցներից։

Հայաստանը, որպես գայթակղության քար, մնաց այդ երկու նոր հիմնված, անհաշտ պետությունների մեջտեղում։

Նա այնքան ուժ չուներ, որ ինքնակամ դիրք պահպաներ. ստիպված էր հակվիլ կամ մեկի, կամ մյուսի կողմը։

Նույնիսկ Բյուզանդիայի և Տիզբոնի արքունիքների շահերը պահանջում էին գրավել Հայաստանի հակումները, որովհետև այդ երկիրը մի կամուրջ էր, որտեղից պետք է անցնեին նրանք միմյանց հանդիպելու համար։ Եսկ բյուզանդացոց և տիզբոնցոց