Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/81

Այս էջը սրբագրված է

տարածեցին թե մեր եկեղեցիներում և թե մեր դպրոցներում։ Նույն գրությունը շարունակվում է մինչև այսօր։ Դեռևս մենք սուրբ գրքերի թարգմանությունը չունենք։ Դեռևս մենք մեր մայրենի լեզվով աղոթքներ ու շարականներ չունենք։ Մենք արհամարհեցինք ինչ որ հին էր, ինչ որ հեթանոսական էր։ Մեր երգիչների, մեր վիպասանների գեղեցիկ վաստակները կրակի զոհ դարձրինք։ Մենք թողեցինք մեր նախնականը, մեր ազգայինը և սկսեցինք օտարինը սիրել։ Եվ մեր քրիստոնեական մոլեռանդությունը այն աստիճանին հասցրինք, որ, իբրև մի պիղծ բան, սկսեցինք մերժել մեր հին գրությունը, մեր մեհենական սրբազան տառերը և ընդունեցինք հունաց ու ասորոց տառեր։ Այդ բոլորից հետո, շատ հասկանալի է, որ մեր մեջ չէր կարող զարգանալ ոչ ազգային կյանք և ոչ բուն ազգային գրականություն։ Մյուս կողմից, մենք հրավիրեցինք մեզ վրա պարսիկների ատելությունը։ Պարսիկը սկսեց մտածել, քանի որ հայերը, հունաց լեզուն և հունաց դպրությունը սովորելով, սիրում են նրանց և սրտով կապված են Բյուզանդիայի հետ,— ինչո՞ւ չպիտի մտցնեմ և ես իմ լեզուն և իմ դպրությունը, որ նրանք ինձ սիրեն և ինձ հետ դաշնակից լինեն։ Այժմ, կարծեմ, պարզ է, որ Շապուհի հալածանքները ամենևին կրոնական բնավորություն չունեն, այլ կատարյալ քաղաքական նպատակով են կատարվում։ Հայաստանը, մի ամուր պատնեշի նման, ընկած է Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության մեջ։ Նա ցանկանում է խորտակել այդ պատնեշը, որ յուր համար ճանապարհը բաց լինի,— և խորտակել յուր քաղաքակրթության կռանով։ Հայաստանը, մի կոշտ ոսկորի նման, մնացել է նրա կոկորդում, նա աշխատում է ծամել, փշրել և կլանել այդ ոսկորը, որպեսզի կարողանա ազատ շունչ առնել...

— Եթե մարսել կարողանա...— ընդհատեց Սամվելը։

— Մարսել կարող է, եթե գործերի այժմյան դրությունը չփոխվի,— պատասխանեց զայրացած Պարթևը։— Այդ թողնենք։ Ես կամենում եմ պատասխանել Մեսրոպի մի քանի ծանր ակնարկություններին, որոնցմով նա մեղադրանք բարդեց իմ նախահարց վրա։

Նա դարձավ դեպի Մեսրոպը, որ մի առանձին անձկությամբ սպասում էր նրա պատասխանին։ Ասաց.

— Գովում եմ քո զգոնությունը, գովում եմ և քո լրջմտությունը, Մեսրոպ. բայց չեմ կարող ներել քո ամբաստանություններին։ Չափազանց եռանդը թույլ տվեց քեզ անպատշաճությունների